ՀՀ նախագահը «ցինիկ» է անվանել Թուրքիայի որոշումը - Mediamax.am

5390 դիտում

ՀՀ նախագահը «ցինիկ» է անվանել Թուրքիայի որոշումը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Լուսանկարը` http://www.rivistaeuropae.eu


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «անհեռատես եւ ցինիկ» է անվանել «Թուրքիայի կողմից սեփական պատմությունը խմբագրելու որոշումը», ըստ որի՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

 

Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահի՝ իրեն ուղղված հրավերին:

 

«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես եւ հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել եւ մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների եւ հանրության կողմից: Կարծում եմ, իմ պատասխանը եւ դրան հետեւած միջազգային եւ հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումներին:

 

«Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է Ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարանին: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին