Թուրքիա. խախտելով լռության ժառանգությունը - Mediamax.am

exclusive
14468 դիտում

Թուրքիա. խախտելով լռության ժառանգությունը


Արմեն Դեմիրճյան
Արմեն Դեմիրճյան

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Յաշար Քուրթ
Յաշար Քուրթ

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Արմեն Դեմիրճյան
Արմեն Դեմիրճյան

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Նազլի Բալը որդու հետ
Նազլի Բալը որդու հետ

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Յաշար Քուրթ
Յաշար Քուրթ

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից


Վերջին շրջանում իսլամացած հայերի թեման Թուրքիայում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում: Երկրում ապրում են հազարավոր մարդիկ, որոնք չգիտեն կամ նոր են տեղեկացել իրենց հայկական ծագման մասին:

 

«Թուրքիա. լռության ժառանգությունը» (Turkey, the Legacy of Silence) վավերագրական ֆիլմը պատմում է հենց այդ մարդկանց մասին: Ֆիլմի հեղինակներն են ֆրանսիացի լրագրողներ, փաստավավերագրողներ Աննա Բենջամինը (Anna Benjamin) եւ Գիյոմ Քլերը (Guillaume Clere):

 

Աննան Մեդիամաքսին պատմել է, որ հայ է. նրա նախնիները փրկվել են Ցեղասպանությունից եւ հաստատվել Ֆրանսիայում, բայց երբեւիցե նրան այդ մասին չեն պատմել: Բազմամյա լռությունից հետո իմանալով ճշմարտությունը՝ Աննան իր համախոհների հետ որոշել է պատմել աշխարհին նմանատիպ պատմությունների մասին:

 

Ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներին ձայնի իրավունք վերադարձնելու ցանկությամբ՝ նրանք մշակել են վավերագրական ֆիլմի նախագիծ, որը պատրաստվում են ցուցադրել ֆրանսիական հեռուստատեսությամբ եւ ինտերնետով:

 

Ֆիլմը պատմում է չորս մարդկանց մասին, որոնք հասուն տարիքում բացահայտում են, որ հայ են եւ դա լիովին փոխում է նրանց կյանքը:

 

Առաջին հերոսը թուրք ռոք երաժիշտ Յաշար Քուրթն է: 2007-ին՝ 39 տարեկան հասակում, նա հորից տեղեկանում է, որ ոչ թե թուրք է, այլ հայ: Յաշարը սկսում է ուսումնասիրել հայոց լեզուն եւ խոստովանում, որ այդ ճանապարհը հեշտ չի եղել:

Յաշար Քուրթ Յաշար Քուրթ

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

«Երբ կապվեցինք նրա հետ՝ հանդիպումը կազմակերպելու համար, նա մեզ հրավիրեց Թուրքիայի հարավարեւելյան սարերում գտնվող մի գյուղ՝ Ստամբուլից 4 հազ. կմ հեռու, ասելով, որ դա իր նախնիների գյուղն է: Մինչ այդ նա որեւէ տեղեկություն չուներ իր արմատների մասին: Միակ բանը, որը գիտեր, այն էր, որ իր նախնիներից մեկը՝ Իսմայիլ անունով, վանեցի էր: Յաշարի հետ մենք ճանապարհորդեցինք դեպի Վան, ինչը ներկայացված է ֆիլմում»,- պատմում է Գիյոմը:

 

Դիարբեքիրում բնակվող 54-ամյա Արմեն Դիմիրճյանը ֆիլմի մյուս հերոսն է: Նա աշխատում է Սբ Կիրակոս վանքում: Նրա հորը՝ Հակոբին, Ցեղասպանության ժամանակ՝ 4 տարեկան հասակում, փրկում է քուրդ ընտանիքը եւ իսլամացնում: Արմենը իր հայ լինելու մասին տեղեկանում է միայն 25 տարեկանում, սակայն երկար տարիներ դա գաղտնի է պահում: Միայն հոր մահից հետո նա սկսում է բացահայտ ասել, որ հայ է, եւ իր ընտանիքի անդամների մեծ մասը սպանվել է 1915թ: Արմենի համար հայ լինելն առաջին հերթին նշանակում է սովորել լեզուն: Նա ներգրավված է նաեւ հայտնի «Ակոս» թերթի տարածման գործում:

Արմեն Դեմիրճյան Արմեն Դեմիրճյան

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Արմենը մուսուլման է, բայց միաժամանակ հսկում է Դիարբեքիրում մի քանի տարի առաջ վերակառուցված հայկական եկեղեցին: Այստեղ գալիս են հայեր կամ հայկական ծագում ունեցող թուրքեր: Եկեղեցին այդպիսով միավորում է հայերի մի փոքր համայնքի: Արմենը դիմավորում է յուրաքանչյուր այցելուի՝ հույսը չկորցնելով, որ կարող է իր նախնիների մասին ավելի շատ տեղեկություն ստանալ: «Այստեղ ես հայ եմ»,- ասում է նա:

 

Նազլի Բալը 36 տարեկան է: Ծնվել է Դերսիմի մի փոքր գյուղում եւ իր հայ լինելու մասին տեղեկացել է 16 տարեկանում: Երկար ժամանակ նա պայքարել է, որ իր 7-ամյա որդին կարողանա հայկական դպրոց հաճախել եւ դատի է տվել իշխանություններին դիմադրության համար: Թուրքական օրենքների համաձայն՝ հայկական դպրոց կարող են հաճախել միայն հայերը, իսկ Նազլին իր ծագումը հաստատող որեւէ փաստաղթուղթ չի ունեցել: Հիմա նա հայերեն գրել ու կարդալ է սովորում՝ որդու հետ միասին:

 

«Մեր բոլոր հերոսները խոստովանում են, որ շատ դժվարություններ են ունեցել իրենց իրական ինքնության բացահայտումից հետո: Հերոսներից մեկի մայրն անընդհատ ասում էր նրան, որ վախենում է սպանվելուց, սակայն երբեք չէր նշում այդ վախի պատճառները: Մեր հերոսները երբեմն լսել էին որոշ արտահայտություններ, խոսակցություններից հատվածներ: Հերոսներից մեկը՝ Դոգուկանը, մի անգամ պատահաբար լսել է, թե ինչպես է իր տատը սպասքը լվանալիս լալիս՝ անծանոթ լեզվով ինչ-որ բառեր արտասանելով: Նրա հարցուփորձին տատը ոչինչ չէր պատասխանել, եւ շատ տարիներ անց էր միայն Դոգուկանը հասկացել, որ տատը հայերեն էր խոսում»,- պատմում է Աննան:

22-ամյա Դոգուկան Չոլակը խորհրդանշական որոշում է կայացրել եւ քրիստոնեություն ընդունել: Նա մկրտվել է՝ անվանակոչվելով Սեւակ՝ հայ զինվոր Սեւակ Շահինի պատվին, որը 2011թ. ապրիլի 24-ին սպանվել էր թուրքական բանակում իր ծառայակցի կողմից:

 

Իսլամացած հայերի հետ կապված իրավիճակը Թուրքիայի տարբեր հատվածներում տարբեր է: Օրինակ, Դիարբեքիրում սեփական հայությունը ճանաչելն ավելի հեշտ է, քան Ստամբուլում: Ֆիլմի հեղինակները հանդիպել են մարդկանց, որոնք խոստովանել են, որ հայ են, սակայն չեն ցանկացել խոսել այդ մասին, քանի որ դա կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել աշխատանքի կամ ընկերների հետ շփման հարցում:

Յաշար Քուրթ Յաշար Քուրթ

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

«Դիարբեքիրում մենք հանդիպեցինք հայ պրոֆեսորի: Մեզ հետ խոսակցության ժամանակ նա սկսեց լաց լինել՝ ասելով, որ ինքը դասավանդում է սեփական որդուն եւ դասերի ժամանակ ստիպված է ասել, որ Ցեղասպանությունը կատարվել է հենց հայերի մեղքով: Սակայն տանը նա որդուն պատմում է ճշմարտությունը, այն, ինչ իրականում տեղի է ունեցել»,- նշում է Աննան:

 

Ամենաբարդը ծագումով հայ պետական ծառայողների, պրոֆեսորների, ոստիկանների եւ թուրքական բանակի զինվորների ու սպաների վիճակն է: Նրանց համար ամենադժվարն է ճանաչել իրենց ինքնությունը:

 

Ստամբուլի հայ համայնքը, ֆիլմի հեղինակների կարծիքով, մշտական տագնապի մթնոլորտում է ապրում, եւ երբ ինչ-որ մեկը գալիս է նրանց մոտ՝ ասելով, որ հայ է, նրանք, առաջին հերթին, կասկածով են արձագանքում: Այդ մարդիկ սովոր են տարիներով պաշտպանվել եւ պաշտպանել իրենց ընտանիքները, եւ նրանց համար դժվար է արդեն հաստատված շրջանակից դուրս գալը:

 

Ֆիլմին մասնակցում է նաեւ հինգ փորձագետ՝ պատմաբաններ եւ մարդաբաններ Թուրքիայից ու Ֆրանսիայից: Նրանց թվում է թուրք իրավաբան եւ գրող Ֆեթհիյե Չեթինը՝ աղմկահարույց «Իմ մեծ մայրը» գրքի հեղինակը: Գրքում նա պատմում է իր տատի կյանքի մասին, որը փրկվել էր Ցեղասպանությունից եւ երկար տարիներ թաքցրել սեփական ազգությունը՝ իր հայ լինելու մասին պատմելով շատ տարիներ անց: Գիրքը հրատարակվել է 2004թ. եւ թարգմանվել մի շարք լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Լուսանկարը` Ֆիլմի հեղինակների արխիվից

Աննայի եւ Գիյոմի մտահաղացմամբ՝ 52 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը պետք է ցուցադրվի ֆրանսիական ալիքներից մեկով, իսկ ինտերնետում տեղադրվելու է 5 առանձին դրվագ:

 

«Ինչ վերաբերում է ինտերնետին, ապա մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ մեր ֆիլմի հասցեատերը լինեն երիտասարդները եւ նրանք, ովքեր տեղյակ չեն Ցեղասպանությունից: Մենք մեր հերոսների եւ մի շարք այլ մարդկանց հետ մի քանի ամիս ենք անցկացրել եւ ցանկանում ենք ֆիլմում ներկայացնել նրանց հայացքների էվոլուցիան, փոփոխությունը»,- նշում են ֆիլմի հեղինակները:

 

Ներկայում նրանք դրամահավաք են իրականացնում՝ աշխատանքը ավարտին հասցնելու նպատակով: Ծրագիրը հաջողելու դեպքում նրանք մտադիր են հասնել նրան, որ ֆիլմը ցուցադրվի Թուրքիայի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինոփառատոններում: Ինտերնետային տարբերակը կթողարկվի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին: Աննան ու Գիյոմը հույս են հայտնում, որ դա միայն սկիզբը կլինի:

 

Հանգանակության միջոցով ֆիլմի ավարտին աջակցել ցանկացողները կարող են այցելել այստեղ: 

 

Արամ Արարատյան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին