Էրդողան. Հայաստանը ուզում է «շարունակել թշնամանքը Թուրքիայի հետ» - Mediamax.am

29836 դիտում

Էրդողան. Հայաստանը ուզում է «շարունակել թշնամանքը Թուրքիայի հետ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի նպատակն է «շարունակել թշնամությունը Թուրքիայի հետ, այլ ոչ թե բացահայտել ճշմարտությունը 1915-ի դեպքերի մասին»:

Թուրքիայի նախագահը այդ մասին ասել է TRT Haber հեռուստաալիքին: Նրա խոսքով, «Հայաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են դա»:

 

Էրդողանը նաեւ նշել է, որ «հայկական լոբբին, 1915 թ-ի դեպքերը շահարկելով, հակաթուրքական քաղաքականություն է իրականացնում»:

 

«Թուրքիան այսօր, ինչպես եւ միշտ, պատրաստ է բացելու բոլոր պատմական արխիվները՝ 1915 թ. իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու համար: Մուսուլմանների դեմ ուղղված ամենամեծ ցեղասպանությունը Բալկաններում ու Կովկասում տեղի է ունեցել հենց 1915-ին», - ասել է Էրդողանը, նշելով, որ եթե Թուրքիան բացի իր արխիվները, ապա «Հայաստանի հանդեպ լուրջ պահանջներ կունենա»:

 

Նշենք, որ մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այս տարի Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը «առանձնահատուկ դրսեւորում ստացավ»:

 

«Մենք կցանկանայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաեւ թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսեւորում ստացավ:

 

Այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ, այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արեւելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

 

Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլեւ վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանությունների խրախուսում:

 

Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլեւս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով, գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, եւ բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ եւ ամենակարեւորը՝ առանց վստահության վերականգնման», - ասել էր ՀՀ նախագահը՝ հանդես գալով «Արարատի ստորոտում» միջազգային մեդիա-ֆորումի մասնակիցների առջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին