Հայաստանը զգուշացրեց Ադրբեջանին պատժամիջոցները խստացնելու հնարավորության մասին - Mediamax.am

6752 դիտում

Հայաստանը զգուշացրեց Ադրբեջանին պատժամիջոցները խստացնելու հնարավորության մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: «Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու պատժամիջոցները Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ եւ անմիտ վրեժխնդրության դրսեւորումների նկատմամբ»:

Այս մասին ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

 

«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ եւ զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ եւ ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաեւ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը եւ հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից եւ ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

 

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ եւ անմիտ վրեժխնդրության դրսեւորումների նկատմամբ պատժամիջոցները», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին