Մեկնարկել է «Շանթ 2015» զորավարժությունը - Mediamax.am

8066 դիտում

Մեկնարկել է «Շանթ 2015» զորավարժությունը


Լուսանկարը` PAN Photo (2013թ.)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանում մեկնարկել է «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կտեւի մինչ սեպտեմբերի 6-ը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զորավարժությանը ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հետեւողական խախտմանը՝ նշելով, որ դրա արդյունքում խախտվում է նաեւ բնակչության բնականոն կեցությունը, ու վնասներ հասցվում գյուղական համայնքներին:

 

Ըստ ՊՆ խոսնակի՝ իրավիճակը սահմանին վերահսկելի է, եւ լայնածավալ ռազմական գործողություններ մեկնարկելու նախանշաններ չկան:

 

Անդրադառնալով լուրերին, թե սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Տավուշի մարզում բնակիչները տարհանվում են, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Շանթ 2015» զորավարժության սցենարով մարզում ստեղծվել են տարհանման վայրեր, ուսումնական ռազմաբազա, որպեսզի հավաքի ընթացքում պարզ դառնա, թե պատերազմի ժամանակ բնակիչներին ինչպես պետք է անվտանգ տարհանել:

 

Պլանային բնույթի «Շանթ 2015» զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

 

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձակա տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա է մտացածին հակառակորդը եւ իրավիճակն առավելապես համապատասխանեցված է իրականությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին