Վիգեն Սարգսյանը՝ «բազմակենտրոն» աշխարհի եւ Հայաստանի մասին - Mediamax.am

12630 դիտում

Վիգեն Սարգսյանը՝ «բազմակենտրոն» աշխարհի եւ Հայաստանի մասին


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Վիգեն Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2017թ.
Վիգեն Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2017թ.

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը 2017թ. Հունաստան այցելելիս
Վիգեն Սարգսյանը 2017թ. Հունաստան այցելելիս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 4-ին ելույթ է ունեցել Անվտանգության հարցերով մոսկովյան VII կոնֆերանսին:

 

Մեդիամաքսը ձեր ուշադրությանն է ներկայացնում նախարարի ելույթի առանցքային հատվածները:

 

Գլոբալ անվտանգության եւ բազմակենտրոն աշխարհի մասին

 

Մեր կոնֆերանսի թեմայի՝ «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» արդիականությունը ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ յուրաքանչյուր բառ եւ եզրույթ իր վրա է կրում փոխակերպման եւ խորքային փոփոխությունների հետքը:

 

«Գլոբալ» բառը, որը նախկինում նշանակում էր «համապարփակ, ունիվերսալ, համընդհանուր», այժմ հեշտությամբ կիրառվում է ցանկացած առանձին վերցված տարածաշրջանային մակարդակի երեւույթ կամ գործընթաց բնորոշելու համար, ինչն անմիջապես արտացոլվում է համաշխարհային ասպարեզում: 2001 թվականին Մանհեթենում տեղի ունեցած տեղական «գլոբալ» ահաբեկչությունը, «գլոբալ» քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, «գլոբալ» հաքերային հարձակումը մի կորպորացիայի սերվերների վրա, որը սպասարկում սոցցանցերի  միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհով:

 

Երկրորդ փոխակերպվող հասկացությունը «անվտանգությունն» է: Այն, ինչի մակարդակը մենք սովոր ենք չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինությունների եւ զինամթերքի որակով եւ քանակով, նախ ամրոցային պատերի հուսալիությամբ, ապա ռազմավարական նշանակության զսպող զենքով, բազմագործոն, անկանխատեսելի եւ փոխկապակցված լինելու պատճառով մեկ ակնթարթում վերածվեց անչափելի մի երեւույթի :

 

Փոխակերպվում է նաեւ աշխարհի բազմակենտրոնության հասկացությունը: Սա, ի դեպ, ակնհայտ է արդեն իսկ այն պատճառով, որ այդ բառով փոխարինված է նմանատիպ համաժողովների համար ավելի սովորական՝ աշխարհի բազմաբեւեռության հասկացությունը:

 

«Բազմաբեւեռությունը» որպես «երկբեւեռ» աշխարհի հայեցակարգի մտացածին մի փոփոխություն

 

Ընդհանրապես, «բազմաբեւեռություն» արտահայտությունն ինքնին հանդիսանում է ալոգիզմ, քանի որ համարվում է «երկբեւեռ» աշխարհի հայեցակարգի մտացածին մի փոփոխություն, այսինքն` մի աշխարհի, որի առանցքի եզրերին գտնվում են երկու բեւեռներ: Իսկ «բազմաբեւեռությունը» ենթադրում է միանգամից մի քանի «առանցքների» առկայություն, ինչն, ակնհայտ է, չի արտացոլում XX եւ XXI դարի սկզբին բնորոշ աշխարհակարգի իրողությունները:

 

Բազմակենտրոնությունը բազմաբեւեռությունից տարբերում են ոչ միայն երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությունը, այլեւ «առանցքի» հայեցակարգի ակնհայտ փոխարինումը ցանցային կառուցվածքով:

Վիգեն Սարգսյանը 2017թ. Հունաստան այցելելիս Վիգեն Սարգսյանը 2017թ. Հունաստան այցելելիս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության ավարտի» հայեցակարգը, որը հիմնված էր միջազգային օրակարգի սպառված լինելու վրա, որը պայմանավորված էր գաղափարախոսական դիմակայության ավարտով: Այսպիսով, «բազմակենտրոնության» եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության հայեցակարգն ավելի լայն է, քան Արեւմուտքի եւ Արեւելքի գաղափարախոսական դիմակայությունը:

 

«Գլոբալ» եւ «անվտանգություն» հասկացությունների փոխակերպումը արմատապես փոխում է խաղացողների հարաբերությունների կառուցվածքը բոլոր մակարդակներում: Ընդ որում, «բազմակենտրոնության» հասկացությունը բացառում է զրոյական արդյունքով խաղում դերակատարներից որեւէ մեկի հաղթանակի հնարավորությունը՝ անկախ իր հնարավորություններից եւ ռեսուրսներից: Փոխգործակցության թեմաների բազմազանության, հիմնական խաղացողների կազմի, տեղեկատվության փոխանակման եւ որոշումների կայացման արագությունների ավելացման դեպքում միջազգային հանրության լայն շրջանակները, այսինքն, նրա բոլոր խաղացողները՝ պետություններից մինչեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, մամուլից մինչեւ կորպորացիաներ, համաշխարհային կրոններից մինչեւ ոչ ֆորմալ միավորումներ «դատապարտված են», բառիս ամենադրական իմաստով, մասնակցել փոխգործակցության անընդմեջ գործընթացին փոքր, միջին եւ մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում, այլ նաեւ ենթադրում են բոլոր մնացած խաղացողների առաջընթացն ու ամրապնդումը:

 

«Բազմակենտրոնությունը» որպես երաշխիք

 

Կարող է թվալ, որ նման աշխարհակարգի պայմաններում ամենից դժվար կացության մեջ հայտնվելու են փոքր երկրները: Սակայն առկա իրողությունները չեն հաստատում նման պատկերացումը: Ավելին, երկբեւեռությունից դեպի բազմակենտրոնություն կատարած անցումը, հնարավոր է, գլոբալ հանրության ամրապնդման եւ դինամիկ զարգացման գլխավոր երաշխիքն է: Ընդ որում, ոչ միայն խոշոր, այլեւ ավելի համեստ խաղացողների առջեւ բացվում են աճի եւ դինամիկ զարգացման լայն հնարավորություններ: Ասածս կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկներով:

 

1. «Բազբաբեւեռությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: «Բազմաբեւեռ» աշխարհում բոլորը, թեկուզ եւ տարբեր

մակարդակներով, կարող են շահ ստանալ:

 

2. «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում աշխարհի սեւ-սպիտակ բաժանում: Այն բաց է թողնում հաղորդակցության եւ երկխոսության ուղիները, ձեւավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ» համաշխարհային հանրության բոլոր մասնակիցների համար:

 

3. «Բազմակենտրոնությունը» գործընթացը նպատակի գերի չի դարձնում: Բազմակենտրոնությունը ենթադրում է փոխադարձ հարստացման գործընթաց տեղեկատվության, հմտությունների, ռեսուրսների փոխանակման միջոցով:

 

Հայաստանը որպես օրինակ

 

Հայաստանը բազմակենտրոն աշխարհի լայն հնարավորությունների ակնառու օրինակ է: Անկախության առաջին իսկ օրերից մենք հաճախ էինք լսում, որ հարկավոր է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ-կամ» սկզբունքով: Այդ մասին գրում էին հայ եւ միջազգային փորձագետները, այդ մասին պարբերաբար խոսում էին մեր խորհրդարանի այս կամ այլ խմբակցությունների ներկայացուցիչները, այդ մասին պնդում էին մի շարք երկրների ներկայացուցիչներ, ովքեր փորձում էին ուժի այս կամ այլ կենտրոնի հանդեպ ցուցադրական ատելության հաշվին օգուտներ ստանալ:

Վիգեն Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2017թ. Վիգեն Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2017թ.

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բարեկամների եւ դաշնակիցների, առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, եւ մեր գործընկերների համար ակնհայտ լինի, որ մեր քաղաքականությունը ձեւավորվում է ոչ թե տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների դիմակայության շահարկման գոտում, այլ նրանց շահերի հատման կետում: Ամենուրեք կան «բարին կամեցողներ», որոնք լոբբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Հայաստանը Արեւմուտքին ներկայացնել որպես «Ռուսաստանի խամաճիկ», իսկ Հայաստանը Ռուսաստանին՝ որպես «դասալիք, որը փորձում է միաժամանակ երկու աթոռի վրա նստել»:

 

Գլխավոր կանոնը

 

Մեր գլխավոր կանոնն է՝ հարաբերություններ կառուցելիս լինել առավելագույնս բաց եւ հուսալի: Մեզ հաջողվել է դա անել այն պատճառով, որ մենք մշտապես խուսափել ենք գայթակղությունից, օրինակ, Բրյուսելում ասել որեւէ բան, որը այնտեղ մեծ ոգեւորությամբ կընդունվեր, սակայն մենք չէին ցանկանա, որպեսզի Մոսկվայում դա լսեին, եւ հակառակը: Մենք մեզ վրա վերցրել ենք միայն այնպիսի պարտավորություններ, որոնք վճռականորեն տրամադրված ենք կատարել, եւ կատարել ենք այն ամենն, ինչ խոստացել ենք:

 

Պետք է նշեմ, որ մեր գործընկերներից ստացել ենք համապատասխան արձագանք: Որեւէ դեպք չեմ հիշում, երբ ռուսական կողմը պետական մակարդակով՝ նույնիսկ ակնարկով փորձել է կասկածի տակ դնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ: Նույն կերպ, երբեւէ ականատես չեմ եղել, որպեսզի ամերիկացի կամ եվրոպացի գործընկերները թյուրըմբռնումով մոտենան մեր դիրքորոշմանը Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին