Փաշինյան. «Բանակը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն պիտի չզգա» - Mediamax.am

5928 դիտում

Փաշինյան. «Բանակը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն պիտի չզգա»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, նշել է, որ «այս նշանակումն արտահայտում է այն քաղաքականությունը, որը նոր կառավարությունը պատրաստվում է վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ»:

«Մեզ համար կարեւոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, եւ զինված ուժերը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է վարչապետը:

 

Նա ներկայացրել է առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձեւակերպել է նախարարի առջեւ:

 

«Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել եւ համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ Զինված ուժերը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր եւ իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

 

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ գործընթացը պետք է շարունակել մինչեւ վերջ:

 

«Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն եւ ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով եւ այլն»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաեւ հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-ում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են:

 

«Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք եւ հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարեւոր է»,- շեշտել է վարչապետը:

 

Խոսելով ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի եւ պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, եւ տարբեր միջադեպերի հետեւանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետեւություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը»:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին եւ հավելել, որ բանակը վայելում է հայ ժողովրդի կատարյալ վստահությունը:

 

Դավիթ Տոնոյանն էլ նշել է, որ սեղմ ժամկետներում կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:

 

«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, եւ եթե անհրաժեշտ է, նաեւ ուժի դիրքերից»,- ասել է պաշտպանության նորանշանակ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին