Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը - Mediamax.am

4262 դիտում

Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը


Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը
Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Չնայած զորքերի շփման գծում տիրող լարվածության աճին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ հավանական է համարում Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն անդրադարձել է այն լուրերին, թե Սոչիի Օլիմպիական խաղերին ընդառաջ Ադրբեջանը նախատեսում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:

 

«Դա քիչ հավանական եմ համարում, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս կրկին համոզվել է հայ զինվորի անպարտելիության մեջ եւ լավ հասկանում է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահին իրականացնել իրենց առաջ դրված խնդիրները»,- ասել է նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքերով, Ադրբեջանի կողմից սահմանին կազմակերպվող սադրանքներն հատկապես ավելանում են կարեւոր քաղաքական իրադարձությունների ժամանակ կամ բանակցությունների օրերին:

 

«Այդ օրերին նրանք փորձում են սադրանքներ իրականացնել սահմանին: Այդ սադրանքներին արժանի հակահարված ստանալուց եւ մեծ կորուստներ կրելուց հետո սկսում են անկանոն կրակոցներ արձակել եւ խուճապահար պահվածք դրսեւորել: Մենք չենք պատասխանում անկանոն կրակոցներին, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Նախարարի խոսքերով, հայկական կողմի մարդկային կորուստների դիմաց ՀՀ ԶՈՒ-ն մի քանի անգամ ավելի խիստ հակահարված է հասցնում հակառակորդին:

 

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության անցկացման առաջարկությամբ, ինչը, սակայն, մերժում է Ադրբեջանը:

 

«Չնայած Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնում համատեղ հետաքննությունների անցկացմանը, մենք, այդ միջադեպերի մասին հայտնելով միջազգային կառույցներին եւ ունենալով համապատասխան իրեղեն ապացույցներ, անցկացնում ենք միակողմանի հետաքննություն»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին