Ընդերքօգտագործման հարկման փոփոխության հարցում դեռ համաձայնություն չկա - Mediamax.am

exclusive
6344 դիտում

Ընդերքօգտագործման հարկման փոփոխության հարցում դեռ համաձայնություն չկա


«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյան

Լուսանկարը` www.acp.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ փոփոխություններ է նախաձեռնել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, որոնց նպատակը հանքարդյունաբերության հարկման մեխանիզմների կատարելագործումն է: Ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի կարծիքով, նախատեսվող փոփոխությունները, թեև, ընդհանուր առմամբ, ողջունելի են, սակայն լիարժեքորեն չեն լուծում առկա խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց, որ Ընդերքի մասին օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական դրույթները վերաբերում են ընդերքի օգտագործման մասով գանձվող պարտադիր վճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխություններին:

 

Ներկայումս գանձվող բնօգտագործման վճարը հաշվարկվում է մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարներից, այսինքն` գործող օրենսդրությունը հաշվի չի առնում արդյունահանման եւ վերամշակման ընթացքում անխուսափելի կորուստները: Ընդերքի օգտագործման մասով գանձվող պարտադիր վճարի երկրորդ բաղադրիչն է ռոյալթին, որը գանձվում է այն հանքարդյունահանողներից, որոնց շահութաբերության մակարդակը գերազանցում է շրջանառության 25%-ը: Ռոյալթին այսպես կոչված «գերշահույթի հարկն» է, որը գանձվում է բնօգտագործման վճարից առանձին:

 

«Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է արդյունահանված պաշարներից բնօգտագործման վճարի հաշվարկումից անցում կատարել իրացման հասույթից կախված ռոյալթիի հաշվարկմանը», - ասել է Վախթանգ Միրումյանը: Ստացվում է, որ փոփոխությունների արդյունքում բնօգտագործման վճարը եւ ռոյալթին կմիավորվեն միասնական հարկատեսակի մեջ:

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը նշում է, որ քննարկվող նախագծով առաջարկվող փոփոխությունները որոշակիորեն հղկում են հարկային մեխանիզմները, սակայն չեն վերացնում դրանցում առկա անարդարացի մոտեցումները:  Գործող օրենսդրության խնդրահարույց կողմերից մեկը, որը պահպանվել է նաեւ առաջարկվող նախագծում, ըստ Գագիկ Արզումանյանի, վերաբերում է  ծախսերի նվազեցումների մեխանիզմներին, որոնք սահմանված են ռոյալթիների հաշվարկման կարգով. «Շահութաբերությունը որոշելիս, ի զարմանս մեզ, հաշվի չեն առնվում հանքարդյունահանող ընկերության համար կենսական նշանակություն ունեցող ծախսերը, ինչպիսիք են, մասնավորապես, ամորտիզացիոն մասհանումները, ֆինանսական ծախսերը, նախորդ տարիների հարկային վնասները եւ այլն, մի բան, որի տրամաբանությունը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ: Մենք փոխանցել ենք մեր մտահոգությունը կառավարությանը եւ հուսով ենք, որ այն հաշվի կառնվի», - ասել է Գագիկ Արզումանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

 

Մյուս խնդրահարույց կողմը, ըստ Գագիկ Արզումանյանի, այն է, որ հասույթի որոշման ժամանակ պետությունը հիմք է ընդունում ոչ միայն հանքարդյունահանմամբ ուղղակիորեն պայմանավորված գործունեությունը:  «Եթե որեւէ հանքարդյունահանող ձեռնարկություն իրականացնում է նաեւ հետագա վերամշակման բազմաթիվ փուլեր, ապա, որքան էլ դա տարօրինակ չհնչի, պետությունը ռոյալթիների հաշվարկման համար հիմք է ընդունում վերջնական արտադրանքի արժեքը: Թե՛ գործող օրենքով,  թե՛ առաջարկվող նախագծով պետությունը, ըստ էության, պատժում է տնտեսվարողին՝ ավելի մեծ ավելացված արժեք ապահովելու համար, եւ դա, մեր համոզմամբ, խիստ անարդարացի է, քանի որ հետագա վերամշակման գործունեությունը բուն հանքարդյունահանման հետ ուղիղ առնչություն չունի, եւ չի կարելի, օրինակ, մետաղ ձուլելը, զտելը կամ վերամշակման խորացում ենթադրող այլ գործողությունները դիտել որպես ավելի մեծ չափերով բնօգտագործման վճար գանձելու հիմք: Պետության դիրքորոշումն այս հարցում, պետք է լինի հանքային հումքի հետագա վերամշակման խորացմանը հնարավորինս նպաստելը, ոչ թե հակառակը», - ասում է Գագիկ Արզումանյանը:

 

Ըստ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահի՝ եւ՛ գործող օրենքում, եւ՛ առաջարկվող նախագծում կան թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, եւ մասնավորապես, եթե կառավարությունը գա այն ընկալմանը, որ բնօգտագործման վճարի գանձումը պետք է սահմանափակվի միայն հանքարդյունաբերական գործունեությամբ պայմանավորված իրացմամբ, դա կողմերին կմոտեցնի օպտիմալ լուծմանը: Գագիկ Արզումանյանի համոզմամբ՝ կառավարությունում ընկալում են խնդիրը: «Ես հույս ունեմ, որ խնդիրն իր լուծումը կստանա նախագծի վերջնական տարբերակում»,- նշեց նա:

 

Վախթանգ Միրումյանը եւս ասում է, որ նշված հարցերը հստակեցման կարիք ունեն, եւ ներկայումս կառավարությունն այս նպատակով քննարկումներ է անցկացնում ոլորտի ներկայացուցիչների հետ:

 

Ըստ ֆինանսների նախարարության ներկայացուցչի՝ օրենսդրական փոփոխություններում պետությունն առաջնորդվում է 2 հիմնական փաստարկներով: «Նախ եւ առաջ իրացման հասույթից ռոյալթիի հաշվարկումը կնպաստի ճյուղում նոր ներդրումների ներհոսքին, քանի որ, եթե ներկայումս  կազմակերպությունից վճար է գանձվում անկախ իրացումից, ապա փոփոխությունների արդյունքում հանքարդյունահանողն այլեւս չի կանգնի շրջանառու միջոցների անբավարարության ռիսկի առջեւ: Երկրորդ կարեւոր փաստարկն այն է, որ մետաղների գները արագ են փոփոխվում միջազգային շուկայում, իսկ վերջին տարիներին գները հիմնականում աճի միտում են ունեցել, եւ մենք ուզում ենք ընդերքից գանձվող հարկերի չափը համահունչ դարձնենք միջազգային գների աճին», - ասում է Վախթանգ Միրումյանը:

 

Գագիկ Արզումանյանի դիտարկմամբ, սակայն,  այս փաստարկը միանշանակ չէ եւ ունի իր հակառակ կողմը. «Դիտարկենք 2 հիպոթետիկ լրիվ նույնատիպ հանքավայրեր, որոնցից մեկում կա արդյունավետ աշխատող հանքարդյունահանող, որը կարողանում է բավականին մեծ արժեք կորզել եւ բարձր արժեքով իրացնել, իսկ մյուսում՝ ապաշնորհ հանքարդյունահանող, որը չի կարողանում արտադրություն կազմակերպել, ունի մեծ կորուստներ եւ ցածրարժեք արտադրանք: Գանձելով բնօգտագործման վճարը ընդերքում եղած մետաղի արժեքից (ինչպես դա արվում է այսօր)՝ պետությունն անուղղակիորեն խրախուսում է արդյունավետ տնտեսվարումը, իսկ եթե կապենք վճարը իրացման արժեքի հետ, ստացվում է, որքան վատ կաշխատես, այնքան քիչ բնօգտագործման վճար կվճարես: Դա չի բխում արդյունավետ ընդերքօգտագործման շահերից: Մյուս կողմից, կան հանքավայրեր, որոնք շահագործելիս տնտեսվարողն ինչ առաջադեմ մեթոդներով էլ գործի, անհնար է կորզել այնքան, որքան կարելի էր տեսականորեն ակնկալել՝ նկատի ունենալով  առկա պաշարների բացարձակ քանակությունը, եւ այս պայմաններում պահանջել, որ տնտեսվարողը վճարի ընդերքում եղած մետաղի միջազգային գնի նկատմամբ որոշակի տոկոս, նույնպես անարդյունավետ է», - ասում է Գագիկ Արզումանյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է գտնել այս երկու մոտեցումների «ոսկե միջինը»:

 

Ըստ նրա, ի վերջո, շրջանառու միջոցների հետ կապված խնդիրը պայմանավորված է վճարի վերջնական չափով. եթե գանձվում է դեռեւս չկորզված արժեքի նկատմամբ, բայց բավականին ցածր դրույքաչափ, ապա դա կարող է ավելի քիչ բեռ լինել շրջանառու միջոցների առումով, քան եթե գանձվի իրացման արժեքի նկատմամբ, բայց այնպիսի ահռելի գումար, որն ընդհանրապես սահմանափակում է գործունեությունը:

 

Կառավարության համոզմամբ՝ նախատեսվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկայի հետ: «Միջազգային փորձում հարկման համար հիմք է ընդունվում հենց վաճառքի արժեքը. գների բարձրացման դեպքում հարկի դրույքաչափը պրոգրեսիվ կերպով աճում է: Նույնը նախատեսվում է մեզ մոտ», - ասում է Վախթանգ Միրումյանը:

 

Մինչդեռ, Գագիկ Արզումանյանը կարծում է, որ միջազգային լավագույն փորձից շեղումներ այդուհանդերձ ունենք: Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե ինչպես է գործընթացը կազմակերպվում ոլորտի առաջատար երկրներում, օրինակ, Ավստրալիայում՝ Գագիկ Արզումանյանը նշեց, որ այնտեղ ռոյալթիները, իր տվյալներով, գանձվում են ընկերությունների շահույթից, այլ ոչ թե ընդերքում եղած մետաղի միջազգային գնից, որը հարկման հնարավոր ամենամեծ բազան է: «Ձեր նշած պետությունում դրույքաչափը կիրառվում է շահույթի նկատմամբ, այլ ոչ թե ընդերքում եղած մետաղի, որը դուք դեռ պետք է արդյունահանեք, վերամշակեք, ունենաք որոշակի կորուստներ, վաճառեք, ի դեպ, բորսայականից ավելի ցածր գնով, որովհետեւ այն դեռեւս վերջնական արտադրանք չէ, հանեք բոլոր ծախսերը եւ վճարեք պետությանը շահույթի 5-7%-ը», - ասում է Գագիկ Արզումանյանը:

 

Այս առնչությամբ Վախթանգ Միրումյանը ասաց հետեւյալը. «Դեռեւս չկան ճշգրիտ հաշվարկներ, թե որքանով կավելանա հանքարդյունաբերության հարկումը, սակայն ակնհայտ է, որ արդյունքում մենք ավելի շատ հարկեր ենք հավաքագրելու ոլորտից: Ներկայումս ոլորտից հավաքագրվող հարկերի ծավալը չի համապատասխանում իրական ներուժին: Իսկ թե որքանով կաճեն հարկման ծավալները, կպարզվի միջազգային փորձագետների հետ աշխատանքի ընթացքում»:

 

Գագիկ Արզումանյանն իր հերթին նշում է, որ տեղյակ չէ հարկային բեռի հնարավոր ավելացումից, քանի որ կողմերը դեռեւս ձեռնպահ են մնում հարկային դրույքաչափերի վերաբերյալ քննարկումներից: «Դա քաղաքական որոշման խնդիր է, եւ պետության որոշելու հարցն է, թե ինչ դրույքաչափով պետք է ոլորտը հարկվի, սակայն մեզ համար ամենասկզբունքայինը բեռի չափը չէ, այլ այն, որ հարկման մեխանիզմները լինեն արդարացի սահմանված»,- ամփոփել է «Վալլեքս» խմբի փոխնախագահը:

Մեր ընտրանին