Գերազանցության ազգային ծրագիրը՝ կրթական համակարգի «շոգեքարշ» - Mediamax.am

14859 դիտում

Գերազանցության ազգային ծրագիրը՝ կրթական համակարգի «շոգեքարշ»


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հարթակ, որի ծրագրերը գնահատված են որպես միջազգային նմանատիպ առաջատար ծրագրերի հետ («International Baccalaureate», «Advanced Placement», «Cambridge A-Levels») համադրելի և մրցունակ և որը Կրթության և գիտության նախարարության կողմից արդեն ճանաչվել է որպես այլընտրանքային կրթական ծրագիր:

 

«Այբ» հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն «ունի ազգային կարեւոր առանձնահատկություն»: Նախարարին տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:

 

«Շատ կարեւոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետեւյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետեւից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարեւոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության  զարգացման համար»,-  ասել է Լեւոն Մկրտչյանը: 

 

Նախարարը հանձնարարել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաեւ կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության չափանիշները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին