20 հայ ուսանողներ կուսանեն UWC ցանցի ութ քոլեջներում - Mediamax.am

19583 դիտում

20 հայ ուսանողներ կուսանեն UWC ցանցի ութ քոլեջներում


Լուսանկարը` UWC Dilijan


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan քոլեջում UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից անցկացվել է նոր ուսանողների նորամուտի հանդիսավոր արարողությունը:

Նոր ուսումնական տարում հայաստանցի 20 ուսանողներ, ովքեր այս տարի UWC ցանցի քոլեջների ընդունելության մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել, իրենց ուսումնառությունը կսկսեն UWC Դիլիջանում եւ ցանցի եւս յոթ քոլեջներում:

 

Ապագա ուսանողներին ողջունել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Էդգար Մանուկյանը եւ

UWC Հայաստանի ազգային կոմիտեի համակարգող Դարյա Բրոդնիկովսկայան:

 

«Շրջանավարտների եւ ուսանողների համար սա լավ հնարավորություն է հանդիպելու ապագա ուսանողների հետ եւ կիսվելու իրենց տպավորություններով, իսկ նոր ուսանողների համար էլ ավագ ընկերների խորհուրդները շատ օգտակար կլինեն: Այսպիսի հանդիպումների նպատակը մեզ՝ կազմակերպիչներիս համար, բաց երկխոսությունն ու կենդանի շփումն է ուսանողների եւ շրջանավարտների միջեւ, որը վկայում է ժամանակակից բազմակողմանի կրթության, ինչպես նաեւ այն հումանիտար արժեքների պահանջվածության մասին, որոնք կիսում է UWC կրթական շարժումը»,- ասել է Դարյա Բրոդնիկովսկայան:

 

Ներկայացնելով ընդունելության արդյունքները, նա նշել է, որ մրցակցությունը բավականին թեժ է եղել: Երեք փուլերի արդյունքներով ընտրված 20 երիտասարդները Երեւանից, Դիլիջանից, Գյումրիից, Վանաձորից, Էջմիածնից եւ Արմավիրի մարզի Փարաքար եւ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքներից են: Նրանցից 8-ը սովորելու են UWC Դիլիջան քոլեջում, մյուսները՝ Սինգապուրի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի UWC քոլեջներում:

 

Ողջունելով նոր ուսանողներին՝ UWC Dilijan College-ի տնօրեն Ջոն Փադըֆութն ընդգծեց, որ UWC ցանցում ուսումնառությունը կյանքը դրականորեն փոխելու  բացառիկ փորձ  է տալիս:

 

«UWC –ում ուսումը պարզապես  տարբեր երկրներում անցկացված երկու տարիներ չեն: Երբ դուք հայտնվում եք UWC քոլեջում, հնարավորություն եք ստանում ձեր կյանքի երկու տարիներն անցկացնելու շուրջ հարյուր տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ: Եթե անգամ դուք սովորելու եք Դիլիջանում, որն այնքան էլ հեռու չէ ձեր տնից, այստեղ եւս ձեր առջեւ բացվելու է ողջ աշխարհը: Դուք հնարավորություն կունենաք  հայկական մշակույթը բերել ոչ միայն Դիլիջանի քոլեջ, այլեւ ցանցի այն քոլեջներ, որտեղ ուսանելու եք: Որտեղ էլ լինեք, դուք բացելու եք պատուհան, որի միջոցով աշխարհը կարող է տեսնել ու ճանաչել Հայաստանը»,-ասել է Ջոն Փադըֆութը:

 

Հայաստանցի բոլոր ուսանողներն ուսման համար ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ կստանան՝ UWC Dilijan College-ի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի, քոլեջի հիմնադիր-գործընկեր, AFFA բարեգործական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանի, Նիկոլաս եւ Քրիստիանա Վեյկարտների,  Ameria Group-ի եւ  IDeA հիմնադրամի կողմից:

 

Կրթաթոշակների տրամադրումն իրականացվում է need-based, իսկ բաշխումը՝  demonstrated need համակարգերով՝ ընտանիքի եկամուտները հաստատող տեղեկությունների եւ փաստաթղթի հիման վրա: Demonstrated need համակարգը թույլ է տալիս դրամաշնորհ տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, եւ ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:

 

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաեւ, որ UWC Dilijan College-ի երկու շրջանավարտներ՝ Ալինա Խաչատրյանը եւ Մանանա Հակոբյանը, ովքեր ընդունվել են Էդինբուրգի եւ Բերկլիի համալսարաններ, կրթաթոշակներ կստանան Scholae Mundi  եւ Մասիս քաղաքի զարգացման հիմնադրամների կողմից:

 

«Մենք հավատում ենք, որ լավ կրթությունը ապագայի հիմքն է: Այդ իսկ պատճառով կարեւոր է սովորել աշխարհի լավագույն բուհերում եւ վերցնել լավագույնը: Մենք հավատում ենք, որ ոչ միայն Մանանան ու Ալինան, այլեւ UWC-ի մյուս հայ շրջանավարտները կվերադառնան եւ կանեն ամեն ինչ, որպեսզի  Հայաստանը դառնա այնպիսի վայր, որտեղ մարդիկ ցանկանան գալ ու ապրել»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը, ով նաեւ Scholae Mundi հիմնադրամի համահիմնադիրն է:

 

Հայաստանում UWC ցանցի քոլեջներ ընդունելության համակարգի ներդրումից ՝ 2011 թվականից ի վեր ցանցի քոլեջներում  սովորել եւ սովորում  է հայաստանցի 75 ուսանող,  որոնցից 29-ը՝  UWC Դիլիջանում, 46-ը՝ ցանցի այլ քոլեջներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին