«Ավրորա»-ն կրթաթոշակ կտրամադրի Ամերիկյան համալսարանի ուսանողներին - Mediamax.am

12124 դիտում

«Ավրորա»-ն կրթաթոշակ կտրամադրի Ամերիկյան համալսարանի ուսանողներին


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ, կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են:

IdeA հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ կրթաթոշակային ֆոնդը կկազմի $ 1 մլն:

 

Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, որոնք ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն (սկսած 2018-ից), եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:

 

«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, եւ մենք խրախուսում ենք Մերձավոր Արեւելքի երկրներից երիտասարդներին գալ եւ կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը եւ կստանան որակյալ կրթություն, այլեւ կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի եւ դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլեւ իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին եւ օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին»,- ասել է Scholae Mundi Armenia հիմնադրամի համահիմնադիրը Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, եւ մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, որոնք ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլեւ Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը եւ կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթեւան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին»,- նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:

 

Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ամբողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Scholae Mundi Armenia հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին