Հայաստանի եզդիները ողջունում են Իրաքի եզդիներին ընդունելու Արցախի պատրաստակամությունը - Mediamax.am

2636 դիտում

Հայաստանի եզդիները ողջունում են Իրաքի եզդիներին ընդունելու Արցախի պատրաստակամությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում բնակվող եզդիները կոչ են անում միջազգային կառույցներին գործնական քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Իրաքի հյուսիսում եզդի բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունները եւ մարդասիրական օգնություն հասցնել տեղահանված բնակչությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը,  «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանն այսօր լրագրողներին ասել է, որ եզդիների հանդեպ իրականցվող ցեղասպանությունը պետք է համարժեք արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: 

 

«Մենք փաստեր ենք հավաքում, որպեսզի հետագայում կարողանանք ապացուցել, որ այն, ինչ այժմ կատարվում է եզդիների նկատմամբ, ցեղասպանություն է: Ցավոք, մարդկությունը XXI դարում շարունակում է ականատես լինել ցեղասպանությունների: Մեր ունեցած տվյալներով, օգոստոսի 2-ից Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալ եզդիաբնակ մարզում տեղի բնակչության հանդեպ կիրառված բռնությունների հետեւանքով արդեն զոհվել է շուրջ 10 հազար, փախստական դարձել ավելի քան 500 հազար եզդի»,- ասել է կազմակերպության ղեկավարը:

 

Ամո Շարոյանի խոսքերով, եզդիների հոգեւոր առաջնորդարան Լալիշանմուրան քաղաքում (Մոսուլ քաղաքից 40 կմ հեռավորության վրա) ձեւավորվել է եզդիների փրկության կոմիտե, որը համակարգում է տարբեր երկրներից եզդի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը:

 

Եզդիների շահերը ներկայացնող կազմակերպության ղեկավարի պնդմամբ, այժմ ամենագլխավոր խնդիրն այդ օգնության տրամադրումը տեղերում ճիշտ կազմակերպելն է:

 

Ամո Շարոյանը ողջունել է Արցախի Հանրապետության ղեկավարության՝ Իրաքի եզդիներին ընդունելու եւ ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:

 

«Ուրախացնող է, որ Արցախը, ունենալով իր խնդիրները, հանդես եկավ նման առաջարկությամբ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ Արցախը ձեւավորված պետություն է, որը կարող է ընդունել դժբախտության շեմին հայտնված եզդիներին»,- ասել է նա:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Հայաստանի ղեկավարությունը դատապարտել էր Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունները:

 

ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու համար:

 

Նախագահ Սարգսյանն օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի հետ քննարկել էր նաեւ Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին