Ուելսից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ - Mediamax.am

2420 դիտում

Ուելսից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ


Ուիլիամ Լահյուն
Ուիլիամ Լահյուն

Լուսանկարը` PAN Armenian


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է առավել խորացնել եւ ամրապնդել հարաբերությունը գործընկեր երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն ասել է, որ Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններն ամրապնդվելու են:

 

Դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գործընկեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով Ուելսի գագաթնաժողովի շրջանակներում տրվեց «Փոխգործակցության հարթակ» նախաձեռնության մեկնարկը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր պահպանող 24  գործընկեր երկրներ, այդ թվում` Հայաստանը:

 

«Սեպտեմբերի 29-ին կայանալու է այս հարթակին մասնակցող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հանդիպման ընթացքում մենք կքննարկեն հարթակի կառուցվածքն ու նպատակները, ինչը կօգնի բարձրացնել մեր գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

 

Ուիլիամ Լահյուի խոսքերով, Հայաստանն ընդգրկվել է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող պաշտպանության ոլորտում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման եւ կարողությունների զարգացման ծրագրում: Այժմ քննարկվում են այդ ծրագրին Հայաստանի առավել արդյունավետ մասնակցության տարբերակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին