ԱՄՆ դեսպանի թեկնածուն կոչ է արել Անկարային աշխատել Երեւանի հետ պատմական փաստերի ճանաչման համար - Mediamax.am

3184 դիտում

ԱՄՆ դեսպանի թեկնածուն կոչ է արել Անկարային աշխատել Երեւանի հետ պատմական փաստերի ճանաչման համար


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին կոչ է արել Թուրքիային «աշխատանք սկսել Հայաստանի հետ ՝ հասնելու պատմական փաստերի ամբողջական, անկեղծ եւ իրական ճանաչմանը, ինչը թույլ կտա երկու ժողովուրդներին հաստատել դեպի խաղաղություն եւ բարեկեցություն տանող հարաբերություններ»:

Ինչպես հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը, այս մասին Ռիչարդ Միլսն ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ: 

 

Ռիչարդ Միլսը, խոսելով 1915 թ.-ի մասին, խուսափել է օգտագործել «Ցեղասպանություն» բառը, նշելով որ 2015 թ.-ին  «ԱՄՆ եւ ամբողջ աշխարհը համերաշխություն կհայտնեն հայ ժողովրդին  XX դարի ամենասարսափելի վայրագությունների հարյուրամյա տարելիցի առիթով»:

 

Հայտնելով ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական արձանագրություններին՝ Միլսը նշել է, որ դրանց վավերացման գործընթացը կանգ է առել, եւ շեշտել է Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու մերժումը:

 

Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Ռիչարդ Միլսը քննադատել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը: Այնուամենայնիվ, դեսպանի թեկնածուն կոչ է արել ԱՄՆ-ին եւ Հայաստանին ջանքեր գործադրել ներդրումների ավելացման ուղղությամբ: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ այժմ քննարկում է պաշտոնական Երեւանի հետ «Առեւտրի եւ ներդրումների մասին» շրջանակային համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակացություւններ սկսելու հարցը:

 

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ Ռիչարդ Միլսն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:

 

Նա նշել է, որ մտադիր է սերտ աշխատանք տանել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ՝ փորձելով նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին