Հայաստանի նախագահը դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները - Mediamax.am

3201 դիտում

Հայաստանի նախագահը դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատապարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները:

Նախագահը «Իսլամական պետության» մասին խոսել է Մինսկում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

 

«Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարեւորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:

 

Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսեւորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արեւելքի քրիստոնեական, եզդիական եւ այլ համայնքները, չեն կարող արդարացվել եւ չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաեւ՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին