Մարգե Մարդիսալու-Քահար. Կարեւոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները լինեն հնարավորինս խորը - Mediamax.am

3667 դիտում

Մարգե Մարդիսալու-Քահար. Կարեւոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները լինեն հնարավորինս խորը


Մարգե Մարդիսալու-Քահարը
Մարգե Մարդիսալու-Քահարը

Լուսանկարը` eceap.eu


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում հոկտեմբերի 20-21-ին ընթանում է «ԵՄ-ի հետ կապված խնդիրների եւ Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող գործունեության իրազեկում» դասընթացը՝ լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ հանրային կապերի մասնագետների մասնակցությամբ:

Դասընթացը նախաձեռնած Արեւելյան գործընկերության Էստոնիայի կենտրոնի ղեկավար Մարգե Մարդիսալու-Քահարը Մեդիամաքս-ին ասել է, որ բազմաթիվ ծրագրեր կան Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում, իսկ իրենց նպատակն է համախմբել մասնագետներին՝ միասին քննարկելու եւ հասկանալու, թե ինչպես է ճիշտ իրականացնել ԵՄ վերաբերյալ հասարակության իրազեկումը:

 

«ԱլԳ երեք երկրներն ընտրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ճանապարհը, մյուս երեքը՝ այդ թվում Հայաստանը, այլ ուղիով գնացին: Չնայած դրան, մեզ համար շատ կարեւոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները լինեն հնարավորինս խորը եւ փոխշահավետ: Պետք է գտնել համագործակցության իրավական փաստաթղթի ձեւը, բայց դրա այժմյան բացակայությունն էլ չի նշանակում, որ հարաբերություններ չկան»,- ասել է Մարգե Մարդիսալու-Քահարը:

 

Դասընթացի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն այժմ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ԵՄ-ի հետ հարաբերություններին, իսկ հիմնական փորձաքարը մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն է, որին ՀՀ-ն մնում է հավատարիմ:

 

«Պետք է խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է նա:

 

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանի բնորոշմամբ, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելին են, քան իրավական փաստաթղթի շուրջ քննարկումներ: Նա նկատել է, որ ԱլԳ շրջանակներում արդեն իսկ կա լայն համագործակցություն:

 

«Առաջիկայում նախատեսվում են իրավական շրջանակի նորացման շուրջ քննարկումներ»,- ասել է նա:

 

ԵՄ-ՀՀ հարաբերություններն այժմ կարգավորվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել 1999-ին, իսկ 2009-ին սպառել է վավերականության ժամկետը: Վերջին 5 տարիներին այն ավտոմատ կերպով երկարացվել է, որին պետք է փոխարիներ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:  Դրա ստորագրումից Հայաստանի հրաժարվելուց հետո քննարկվում է իրավական նոր փաստաթղթի ձեւավորման հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին