Էդվարդ Նալբանդյան. Գնդակը մնում է թուրքական դաշտում - Mediamax.am

4175 դիտում

Էդվարդ Նալբանդյան. Գնդակը մնում է թուրքական դաշտում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Երեւանում գտնվող իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին է նվիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներում պահվող շուրջ 240 փաստաթղթերից բաղկացած նոր հրատարակություն։

Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի օրեր առաջ արած հայտարարությունը, որի համաձայն «1915թ. իրադարձությունները ուսումնասիրելիս պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների եւ արխիվների նյութերի վրա», որտեղ նշվում է, թե Ցեղասպանությունը իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

 

«Տարօրինակ է, որ թուրքական գրադարաններում կամ արխիվներում Ցեղասպանությանը վերաբերող նյութերն իրենց բովանդակությամբ միանգամայն տարբերվրում են ողջ աշխարհի արխիվներում եւ գրադարաններում պարունակվող նյութերից։ Պատահական չէ, որ, եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են նման նյութերի վրա, զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքի»:

 

Պատասխանելով գերմանացի լրագրողների այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կարելի է հաշտեցման սպասել Թուրքիայի հետ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը ուժ չգտավ իրականացնելու 5 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

«Նշաններ մեր կողմից արվել են: Ինչպես մենք,այնպես էլ  միջազգային հանրությունն ասում է՝ գնդակը մնում է թուրքական դաշտում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին