Իսրայելի նախագահը հայ համայնքին «մեծ քայլ է» խոստացել - Mediamax.am

exclusive
7687 դիտում

Իսրայելի նախագահը հայ համայնքին «մեծ քայլ է» խոստացել


Ռեուվեն Ռիվլինը
Ռեուվեն Ռիվլինը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի հայ համայնքը վրդովված է նախագահ Ռեուվեն Ռիվլինի` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ամբիոնից ելույթի ժամանակ հայերի ցեղասպանությունը եւ Խոջալուի դեպքերը համեմատական մեկ նժարի վրա դնելու փորձից:

Մի քանի օր առաջ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում հիշատակել էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

 

«1915-ին, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, Ավշալոմ Ֆայնբերգը [Օսմանյան Պաղեստինում գործող հրեական լրտեսական ցանցի ներկայացուցիչը] գրել էր հետեւյալը. «Ո՞վ է լինելու հաջորդը: Ես քայլում եմ Երուսաղեմի սուրբ հողերով, եւ ինքս ինձ հարց ուղղում, թե ինչպիսի ժամանակներում ենք մենք ապրում, արդյոք այժմ 1915 թվակա՞նն է, թե՞ Տիտոսի կամ արքա Նաբուգոդոնոսորի դարաշրջանը»,- ասել էր Իսրայելի նախագահը:

 

Ռեուվեն Ռիվլինը նաեւ ասել էր.

 

«Արդյո՞ք այս Վեհաժողովի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ է: Արդյո՞ք այն արդյունավետ էր Բոսնիայում: Արդյո՞ք այն արդյունավետ էր Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

 

Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը Մեդիամաքսի հետ զրույցում զարմանք է հայտնել, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկներից մեկը համարվող Ռեուվեն Ռիվլինը 1915 թ.-ի իրադարձությունները ուղղակիորեն «Հայոց ցեղասպանություն» չի անվանել:

 

Ժորժետա Ավագյանը նաեւ նշել է, որ անցյալում, լինելով Քնեսեթի նախագահ, Ռիվլինը բազմիցս արգելափակել է Քնեսեթում Խոջալուի մասին օրինագիծ ներկայացնելու Ադրբեջանի ջանքերը:

 

«Հենց Ռիվլինը` որպես Քնեսեթի խոսնակ, թույլ չտվեց, որ նման օրինագիծ մտնի խորհրդարան: Եվ հիմա ես ապշած եմ, թե ինչպես է նա խոսում այդ դեպքերի մասին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ քաղաքական շահերն ու նկատառումները դեր են խաղացել նրա դիրքորոշման վրա»,- ասել է Ժորժետա Ավագյանը:

 

Նա ասել է, որ Հայ դատի գրասենյակը նախագահին փոխանցել է ելույթի հետ կապված իր վրդովմունքը: Նախագահի գրասենյակից էլ Ժորժետա Ավագյանին փոխանցել են, որ ապրիլի 24-ին «նախագահը մեծ քայլ է կատարելու հայերին ընդառաջ»:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին