Իսրայելի նախագահը ՄԱԿ-ում խոսել է 1915-ի եւ Խոջալուի մասին - Mediamax.am

6716 դիտում

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ում խոսել է 1915-ի եւ Խոջալուի մասին


Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում անուղղակի կերպով հիշատակել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

«1915-ին, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, Ավշալոմ Ֆայնբերգը [Օսմանյան Պաղեստինում գործող հրեական լրտեսական ցանցի ներկայացուցիչը] գրել է հետեւյալը. «Ո՞վ է լինելու հաջորդը: Ես քայլում եմ Երուսաղեմի սուրբ հողերով, եւ ինքս ինձ հարց ուղղում, թե ինչպիսի ժամանակներում ենք մենք ապրում, արդյոք այժմ 1915 թվակա՞նն է, թե՞ Տիտոսի կամ արքա Նաբուգոդոնոսորի դարաշրջանը»,- Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի նախագահը:

 

Նա ընդգծել է, որ Ֆայնբերգն այս խոսքերը գրել է ուղիղ 100 տարի առաջ:

 

«Ժխտողականության եւ տատանումների 100 տարի: Այն ժամանակ, երբ ես ծնվել եմ, Իսրայելում որեւէ մեկը չէր ժխտում տեղի ունեցած սպանությունները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները, տեսել են հազարավոր արտագաղթած հայեր: Երուսաղեմում նրանք գտան ապաստան, եւ նրանցից ժառանգները մինչ այսօր այդտեղ են ապրում»,- ասել է նա:

 

Մեդիամաքսը նշում է, որ իր ելույթում Իսրայելի նախագահը նաեւ ասել է.

 

«Արդյո՞ք այս Վեհաժողովի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ է: Արդյո՞ք այն արդյունավետ էր Բոսնիայում: Արդյո՞ք այն արդյունավետ էր Խոջալուի սպանությունները կանխելու համար: Կամ աֆղանցիների սպանությունները թալիբների կողմից: Արդյո՞ք այն արդյունավետ է այսօր Սիրիայում: Իսկ Բոքո Հարամի ոճրագործությունները Նիգերիայո՞ւմ: Արդյո՞ք մենք չափից շատ արցունքներ չենք թափում՝ քիչ գործողությունների դիմելով»:

 

Ռեուվեն Ռիվլինը, որը նախկինում զբաղեցրել է Քնեսետի նախագահի պաշտոնը, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ ջատագովներից է եղել: 2012թ. հունիսին խորհրդարանում նախաձեռնելով այս հարցի շուրջ քննարկումներ՝ նա ասել էր.

 

«Որպես հրեաներ եւ որպես մարդիկ՝ մենք չենք կարող անտեսել այս խնդիրը: Որպես երկիր, որը պայքարում է միջազգային ասպարեզում Հոլոքոստի մերժման դեմ, մենք չենք կարող ժխտել այլ ժողովրդի ողբերգությունը»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին