Ցեղասպանության կանխարգելումը չպետք է ստորադասել հաշվարկներին - Mediamax.am

3424 դիտում

Ցեղասպանության կանխարգելումը չպետք է ստորադասել հաշվարկներին


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը՝ առանց ստորադասելու այն աշխարհաքաղաքական հաշվարկներին:

Այս մասին նա ասել է մարտի 3-ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին:

 

«Ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միեւնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում եւ այսօր գործած հանցագործությունների միջեւ»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Անդրադառնալով Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձեւին՝ նա ասել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը էական դեր է խաղացել պետությունների՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայից բխող պարտավորություններն ուղղորդելու՝ մարդու իրավունքների համակարգված պաշտպանության եւ ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւերի ընդունման գործում:

 

«Այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւ: Առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը եւ առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին: Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, եւ մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին սատարելու այս բանաձեւը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին