ՀՀ-ԵՄ համագործակցության ձեւաչափը վերջնական քննարկման փուլում է - Mediamax.am

4256 դիտում

ՀՀ-ԵՄ համագործակցության ձեւաչափը վերջնական քննարկման փուլում է


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ «նկատի ունենալով ՀՀ պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Երեւանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին:

 

«Եզրափակիչ փուլում են ԵՄ գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Նրա խոսքով՝ համագործակցության առաջնահերթություններից է շարժունակության խթանումը: Նախարարը հիշեցրել է, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը:

 

«Ակնկալում ենք, որ մոտակայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նրա խոսքով՝ ՀՀ-ն կարեւորում է նաեւ ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը: Այդ նպատակով կնքվել է ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 2014թ. մարտին: Նախարարը նշել է, որ այն հնարավորություն է ընձեռում մասնակցելու ԵՄ կրթական, առողջապահական, մշակութային եւ մի շարք այլ ծրագրերի:

 

ՀՀ-ԵՄ համագործակցության ձեւաչափի մասին Մեդիամաքսն ավելի վաղ բացառիկ զրույց էր ունեցել Եվրամիության Խորհրդի նախագահող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին