Ադրբեջանը թաքցնում է իր զոհերը, ԵԱՀԿ-ում ասել է ՀՀ դեսպանը - Mediamax.am

3899 դիտում

Ադրբեջանը թաքցնում է իր զոհերը, ԵԱՀԿ-ում ասել է ՀՀ դեսպանը


Արման Կիրակոսյանը
Արման Կիրակոսյանը

Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Երեւանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ուշադրություն դարձնել Բաքվի կողմից հրադադարի ռեժիմը եւ ռազմական հավասարակշռությունը խախտելուն ուղղված քայլերին:

Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանն ասել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը:

 

Նա հիշեցրել է մարտի 19-ին շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության մասին, որի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր տվել:

 

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր:

 

Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով:

 

«Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը»,- ասել է դեսպանը:

 

Նա հիշատակել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկ զտումներ: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը փաստել է, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին