Անգամ չենք մտածում հակամարտության սրման մասին, ասել է Լավրովը - Mediamax.am

5481 դիտում

Անգամ չենք մտածում հակամարտության սրման մասին, ասել է Լավրովը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://asiareport.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի բոլոր քայլերն ուղղված են «հնարավորինս արագ փոխընդունելի լուծում գտնելուն»:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցություններից հետո Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տված ասուլիսի ընթացքում ասել է. «Մենք չենք ցանկանում անգամ մտածել Ղարաբաղյան հակամարտության՝ «թեժ փուլ» անցնելու հնարավորության մասին»:

 

«Ես համոզված եմ, որ, չնայած հռետորաբանությանը, կողմերից եւ ոչ մեկը չի ցանկանում դա»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի հատուկ ջանքեր էր ձեռնարկում, «որոնց արդյունքում շարունակվում են անցկացվել գործնական հնարավոր քայլերի վերաբերյալ խորհրդատվություններ, որոնք թույլ կտան սկսել այդ հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացը, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի համագործակցության մի վայրի՝ առանց շրջափակումների, պատժամիջոցների ու սահմանափակումների, ինչից բոլորը կշահեն»:

 

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, կրկնել է, որ համանախագահների մոտեցումները արտահայտված են 5 հայտարարություններում, որոնք ընդունվել են նախորդ տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով, եւ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այդ մոտեցումներին:

 

«Երբ Ադրբեջանի դիրքորոշումն էլ համապատասխան լինի միջազգային հանրության մոտեցումներին, ապա մենք իսկապես քաղաքական կարգավորման հնարավորություն կունենանք»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին