Վիրահայերը խնդրել են խորհրդարանին ճանաչել Ցեղասպանությունը - Mediamax.am

4252 դիտում

Վիրահայերը խնդրել են խորհրդարանին ճանաչել Ցեղասպանությունը


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանում գործող հայկական հասարակական ու հոգեւոր կազմակերպությունները դիմել են երկրի խորհրդարան՝ Վրաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է Վրաստանի հայերի համայնքը, «հայկական հասարակական ու հոգեւոր կազմակերպությունները հանուն արդարության ու ժողովրդական արժեքների կոչ են անում միանալ քաղաքակիրթ աշխարհի նախաձեռնություններին ու Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը»:

 

Համայնքում նշել են, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 10-րդ անգամ են դիմում իշխանություններին՝ խնդրելով քննարկել Վրաստանի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչման հարցը, «սակայն, չնայած բազմաթիվ դիմումներին՝ Վրաստանի ղեկավարությունը անտեսում է երկրի ընդհանուր բնակչության 6%-ից ավելին կազմող քաղաքացիների կամքը»:

 

Դիմումը ստորագրել են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի հայ համայնքը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, Թբիլիսիի հայկական թատրոնը, Աջարիայի հայկական համայնքը, Թբիլիսիի հայերի վեհաժողովը, Վիրահայերի միությունը, Թբիլիսիի հայերի միությունը, Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը, «Վրաստան» թերթը, Գործարարների հայ-վրացական միությունը, Ախալցխայի երիտասարդական կենտրոնը՝ ընդհանուր առմամբ 30 կազմակերպություն ու մտավորականության ներկայացուցիչ: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին