Իսրայելի նախագահը ցավակցել է հայերին, սակայն խուսափել G-բառից - Mediamax.am

6772 դիտում

Իսրայելի նախագահը ցավակցել է հայերին, սակայն խուսափել G-բառից


Լուսանկարը` REUTERS/Ronen Zvulun


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ապրիլի 26-ին նախագահական նստավայրում ընդունել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Ինչպես Մեդիամաքսի թղթակցին հայտնել է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, Երուսաղեմի հայ համայնքն առաջին անգամ է արժանանում Իսրայելի նախագահի կողմից Ցեղասպանության տարելիցին նվիրված ընդունելության:

 

«Հանդիպմանը հրավիրվել էին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Ժորժետա Ավագյանը, Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, պատրիարքության ներկայացուցիչներ: Մեկ ժամից ավել տեւած հանդիպման ժամանակ նախագահ Ռեուվեն Ռիվլինն իր համերաշխությունը եւ ցավակցությունն է հայտնել հայ համայնքին, եւ նշել, որ 1915թ. տեղի ունեցածը 20-րդ դարասկզբի առաջին կոտորածներն են: Ցավոք, նախագահը, ի հեճուկս անցյալում տված իր խոստման, հանդիպման ընթացքում չգործածեց «ցեղասպանություն» եզրույթը»,- ասել է Հակոբ Սեւանը:

 

Մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը Ռեուվեն Ռիվլինը հանդես էր գալիս ի նպաստ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման:

 

Նա բազմիցս հրապարակայնորեն խոստացել էր Իսրայելի նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել ցեղասպանության փաստը:

 

Հակոբ Սեւանի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ափսոսանքն ու հիասթափությունն են հայտնել Ռեուվեն Ռիվլինին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում խոստումը չիրականացնելու հետ կապված:

 

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, միջազգային ճանաչման  վերջին օրինակները, ինչպես նաեւ Ցեղասպանության  հարցով Գերմանիայի Բունդեսթագում վերջերս կայացած քննարկումներն անհարմար իրավիճակ են ստեղծել Իսրայելի ղեկավարության համար:

 

«Նախագահի ընդունելությունն այս ամոթալի քաղաքականությունը որեւէ կերպ շտկելու քայլ էր՝ ցուցադրելու, թե Իսրայելի ղեկավարությունը չի ժխտում 20-րդ դարասկզբում տեղի ունեցածը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ատենապետը:

 

Հակոբ Սեւանը փոխանցել է, որ ապրիլի 23-ին եւ 24-ին Երուսաղեմում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ միջոցառումներ, որոնց ներկա են գտնվել ոչ միայն համայնքի, այլեւ քրիստոնյա բոլոր համայնքների ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին