Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

6224 դիտում

Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, ասել է Նալբանդյանը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է»:

Ինչպես գրում է ամերիկյան The New York Times պարբերականը, այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է մայիսի 7-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

 

Էդվարդ Նալբանդյանը քննադատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ալիքի շուրջ Թուրքիայի արձագանքը եւ նկատել, որ ներկայիս պայմաններում քիչ հավանական է խոսել հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման մասին:       

 

«Մենք գտնվում ենք նույն կետում: Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Նրանք քննադատում են, սակայն Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Նա նկատել է, որ աստիճանաբար ավելի մեծ թվով թուրքեր են սկսում հարցեր ուղղել սեփական երկրի կառավարությանը՝ Ցեղասպանության հարցի շուրջ պաշտոնական ժխտողական քաղաքականության վերաբերյալ:

 

«Մենք այլընտրանք չունենք: Մենք ստիպված ենք ապրել կողք կողքի ոչ թե ժխտողական քաղաքականությամբ, այլ մութ էջերը շրջելու միասնական ջանքերով»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

 

Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության օրոք դեռ կօգտագործի «ցեղասպանություն» եզրը: «Անկասկած, եթե նախագահը կիրառի G-եզրը, ապա դա շատ կարեւոր եւ ազդեցիկ ուղերձ կլինի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

 

Ամերիկաբնակ հայտնի գործարար, Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի ղեկավար Նուբար Աֆեյանն իր հերթին ասել է, որ Եղեռնը վերապրածների սերունդները հաղթահարել են վիշտը եւ հաստատակամությամբ համախմբվել՝ ձեւավորելով 10-միլիոնանոց հայկական սփյուռք:

 

«Որպես Լիբանանում ծնված, Կանադայում մեծացած եւ շուրջ 35 տարի ԱՄՆ-ում բնակվող հայ՝ ես շատ բնական եմ համարում, որ հայերը հասունանում են այս ողբերգությունն ընկալելու հարցում: Այդ ընկալումն ընդլայնվում է՝ դառնալով պատմություն ոչ միայն հանցագործության եւ զոհերի, այլեւ փրկվածների եւ փրկիչների մասին»,- ասել է Նուբար Աֆեյանը՝ պարբերականի հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին