ՀՀ-ն հանձնառու է ԵՄ-ի հետ իրավական նոր հիմք ձեւավորել - Mediamax.am

5459 դիտում

ՀՀ-ն հանձնառու է ԵՄ-ի հետ իրավական նոր հիմք ձեւավորել


Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը
Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ ՀՀ-ն հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու հարաբերությունների իրավական նոր հիմքը:

Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Ռիգայում՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում ունեցած ելույթի ընթացքում:

 

«Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից՝ կարտացոլի ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ»,- ասել է ՀՀ նախագահը՝ կարեւորելով «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն Արեւելյան գործընկերությունը դիտարկում է որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու, հասարակությունների միջեւ շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձեւաչափ:

 

«Այս ընթացքում ԵՄ-ի հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Նա անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ տարածքային ամբողջականությունից բացի՝ կարեւորելով նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

 

«Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետեւ պարզապես այդքան երկիր չէր լինի»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին