«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան քննադատել է ՄԻԵԴ-ի վճիռը - Mediamax.am

5531 դիտում

«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան քննադատել է ՄԻԵԴ-ի վճիռը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան ափսոսանք է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած վճռի կապակցությամբ:

 

ՄԻԵԴ որոշման համաձայն՝ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):

 

Ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում ասված է, որ ՄԻԵԴ վճիռը ստվեր է գցում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընթացքում տեղի ունեցած ճանաչումների վրա, այդ թվում՝ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարության վրա, որով նա հայերի կոտորածներն անվանել էր XX դարի առաջին ցեղասպանությունը:

 

««Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերահաստատում է, որ թեւե խոսքի եւ արտահայտման ազատությունը հիմնարար եւ կենսական է ժողովրդավարական հասարակություններում, այնուամենայնիվ, այն բացարձակ չէ: Արտահայտման ազատությունը չի կարող կիրառվել պատմությունը վերաշարադրելու, մասնավորապես՝ ցեղասպանությունները ժխտելու կամ արդարացնելու համար»,- ասված է ասոցիացիայի հաղորդագրությունում:

 

Ասոցիացիան ընդգծել է, որ դատարանի վճիռը վերաբերում է բացառապես Փերինչքեի դեմ Շվեյցարիայում հրապարակված դատական որոշմանը եւ այն հարցականի տակ չի դնում հակառասիստական դրսեւորումների դեմ օրենքը, որը ներկայում գործում է Շվեյցարիայում: 

 

Հիշեցնենք, որ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան 2005թ. հուլիսին բողոք էր ներկայացրել ընդդեմ Դողու Փերինչեքի՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը «միջազգային կեղծիք» անվանելու համար: Այդ բողոքի հիման վրա 2007թ. Լոզանի դատարանը մեղավոր էր ճանաչել Դողու Փերինչեքին՝ ռասսայական խտրականության պատասխանատվություն նախատեսող օրենքի հոդվածով:  

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին