ԵՄ-ն ներկայացրել է վերանայված հարեւանության քաղաքականությունը - Mediamax.am

6187 դիտում

ԵՄ-ն ներկայացրել է վերանայված հարեւանության քաղաքականությունը


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունն այսուհետ իր արեւելյան եւ հարավային գործընկերների հետ հարաբերություններում կդրսեւորի ճկունություն եւ տարբերակված մոտեցում:

Այս մասին ասված է նախօրեին հրապարակված «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ հայտարարությունում:

 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՀՔ վերանայման նպատակով անցկացվել են ընդգրկուն խորհրդակցություններ ԵՄ անդամ պետությունների, գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

«ԵՀՔ վերանայման հետ կապված ստացվել է շուրջ 250 առաջարկություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից: Այս վերանայումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում շատ բան է փոխվել: Փոխվել են թե՛ հարեւան երկրները, թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ընդհանուր իրավիճակը հարեւանությունում»,- ասել է դեսպանը:

 

Նոր քաղաքականության շեշտը նախեւառաջ կդրվի կայունության ապահովման, տարբերակված մոտեցման եւ ավելի մեծ փոխադարձ պատկանելիության վրա:

 

Այսպիսով, ԵՄ-ն ընդունում է, որ միության ոչ բոլոր գործընկերներն են ձգտում համապատասխանել ԵՄ չափանիշներին, եւ յուրաքանչյուր երկրի նկրտումները հաշվի են առնվելու եւ արտացոլվելու են գործընկերության ձեւաչափի մեջ:

Նոր ԵՀՔ-ն կապահովի նաեւ առկա ֆինանսական միջոցների տրամադրման ավելի ճկուն եղանակներ, որպեսզի ԵՄ-ն կարողանա ավելի արագ արձագանքել հարեւանության նոր մարտահրավերներին:

 

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին ԵՀՔ վերանայման վերաբերյալ տեղի կունենան բովանդակային քննարկումներ ԵՄ անդամ պետությունների եւ գործընկեր երկրների հետ՝ միասին որոշելու եւ ձեւավորելու հետագա հարաբերությունները:  

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին