Եվրամիություն-Հայաստան բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս - Mediamax.am

7272 դիտում

Եվրամիություն-Հայաստան բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության եւ Հայաստանի նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս:

Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նոյեմբերի 26-ին հանդես գալով Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

«Լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար», - ասել է նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է արտահայտել ստորագրելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը՝ Բաց երկնքի քաղաքականության միջոցով ավիացիոն շուկան ազատականացնելուց հետո:

 

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս մարդկային շփումներին եւ մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարեւոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը այն ըմբռնմամբ, որ սա բարեփոխումներին ուղղված գործընթաց է», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

«Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում: Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր եւ դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից եւ, միեւնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ», - նշել է Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին