Երեւանն արտահայտեց իր դիրքորոշումը Սու-24 խոցման կապակցությամբ - Mediamax.am

8704 դիտում

Երեւանն արտահայտեց իր դիրքորոշումը Սու-24 խոցման կապակցությամբ


Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նա այդ մասին ասել է նոյեմբերի 26-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպելով ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

 

«Խոցել ահաբեկչության դեմ պայքարող ռազմական օդանավը՝ նշանակում է աջակցել ահաբեկիչներին: Նախորդ տարի Թուրքիայի փոքր եղբայր համարվող Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հրամանով հայկական ուղղաթիռի խոցումը հավանաբար Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ տպավորություն է ստեղծել, թե կարող են նման ծանրագույն հանցանքներն անպատիժ մնալ: Աշխարհը փոխվում է, ձեւավորվում են քաղաքական նոր մոտեցումներ, նոր իրավիճակներ, եւ այդ ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ Ռուսաստանի դաշնակիցն է, որ ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Իսկ Թուրքիան, ցավոք, վերջին 100 տարում այդպես էլ չի փոխվել»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

 

Նա ասել է, որ Հայաստանը ողջունում է վերջին օրերին Դումայում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի նախագծի ընդունումը:

 

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար: Նա ընդգծել է, որ անցյալի մեղքերը, ոճիրներն ու հանցանքները պետք է դատապարտվեն ըստ արժանվույն, ինչը հնարավորություն կտա խուսափելու նման հանցանքների կրկնությունից:

 

Սերգեյ Նարիշկինը իր խոսքում նշել է.

 

«Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին