Հրետակոծումներն աննախադեպ չափերի են, ասել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը - Mediamax.am

6090 դիտում

Հրետակոծումներն աննախադեպ չափերի են, ասել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերի արդյունքում Հայաստանի եւ ԼՂ քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերների:

Այս մասին դեսպանն ասել է հունվարի 19-ին՝ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:

 

«Աճում են ԼՂ հետ շփման եւ Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել են աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի եւ ծանր հրետանի՝ խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015թ. սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր եւ նպատակային խախտումները՝ զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: Ուստի, Հայաստանը կրկին կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձեւավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ եւ ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության եւ լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

 

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է:

 

«Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի եւ նրա Գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել` ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը»,- եզրափակել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին