ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը կոչ է արել Թուրքիային լսել իր քաղաքացիներին - Mediamax.am

6517 դիտում

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը կոչ է արել Թուրքիային լսել իր քաղաքացիներին


Արման Կիրակոսյանը
Արման Կիրակոսյանը

Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հայտարարել է, որ Հայաստանը հետեւողական կերպով սատարում է մամուլի ազատությանը եւ լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը:

Այս մասին դեսպանն ասել է հունվարի 21-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպման ընթացքում՝ հայտարարությամբ հանդես գալով «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:

 

ՀՀ դեսպանը կիսել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության եւ լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարեւորությունը:

 

Արման Կիրակոսյանը նշել է, որ Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների եւ իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ:

 

Դեսպանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ նշելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին:

 

Հայաստանի ներկայացուցիչը կոչ է արել նաեւ թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին