Նալբանդյանը հակադարձել է ստատուս-քվոյի վերաբերյալ Բաքվի մեղադրանքին - Mediamax.am

5830 դիտում

Նալբանդյանը հակադարձել է ստատուս-քվոյի վերաբերյալ Բաքվի մեղադրանքին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ստատուս-քվոյի փոփոխությամբ:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետաքրքրված չեն՝ փոխելու ստատուս-քվոն:

 

«Հայաստանը, ինչպես եռանախագահները, շահագրգռված են ստատուս-քվոյի փոփոխմամբ: Սակայն առաջին պատասխանատուն այդ հարցում Ադրբեջանն է, քանի որ ստատուս-քվոյի փոփոխության կարելի է հասնել բանակցությունների միջոցով»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ «Ադրբեջանում հորինել են, թե ՄԽ համանախագահների առաջարկությունը՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, միտված է ստատուս-քվոյի պահպանմանը, մինչդեռ այդ առաջարկության կյանքի կոչումը կօգնի թուլացնել լարվածությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել է միջազգային հանրությունը»:

 

Էդվարդ Նալբանդյանը նորություն չի համարել նաեւ Բաքվի կողմից եռանախագահներին մեղադրելու եւ քննադատելու փորձերը:

 

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից, «որն իր գործունեության ամբողջ ընթացքում որեւէ առաջընթացի չի հասել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»:

 

«Եզակի դեպք չէ, երբ Բաքուն եռանախագահների հասցեին օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ: Ադրբեջանում կարծում են, թե նման պարզունակ հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել եռանախագահներին: Զարմանալի է, որ Ադրբեջանը դասեր չի քաղում անցյալից: Հուսով ենք՝ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որեւէ առավելություն չի տալիս»,- ասել է  ՀՀ ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին