ՀՀ նախագահը խոսել է ԵԱՏՄ անվտանգության սպառնալիքների մասին - Mediamax.am

5344 դիտում

ՀՀ նախագահը խոսել է ԵԱՏՄ անվտանգության սպառնալիքների մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում հայտարարել է, որ անվտանգությունը Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ունեցած իր ելույթի ընթացքում:

 

«Ես չափազանց կարեւոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության եւ անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին եւ կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության եւ երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում:

 

«Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է հետեւողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

 

Նշենք, որ նիստում քննարկվել են ԵԱՏՄ արտաքին առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:

 

ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները ստորագրել են նաեւ ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման մասին հայեցակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին