Հայաստանը ողջունել է Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը - Mediamax.am

5023 դիտում

Հայաստանը ողջունել է Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումը


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը։

 

Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարածած հայտարարությունում:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։

 

Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։

 

Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունում:

 

Նշենք, որ Բունդեսթագում ընդունված բանաձեւը ոչ միայն ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն, այլեւ մատնանշում է այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին