ՀՀ ԱԳՆ-ն Եվրոպայից հասցեական արձագանք է ակնկալում - Mediamax.am

7952 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն Եվրոպայից հասցեական արձագանք է ակնկալում


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ «Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած բարբարոսությունները բացահայտեցին, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Այս մասին փոխարտգործնախարարն ասել է գերմանական Die Tagespost թերթին տված հարցազրույցում:

 

«ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր ողջ կարողություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռեւս որեւէ պետություն, այդ թվում նաեւ՝ ՀՀ-ն, դե-յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մեկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

 

Պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչ քայլեր է ակնկալում Եվրոպայից՝ կայունության եւ հայերի ինքնորոշման առնչությամբ՝ փոխարտգործնախարարը կարեւորել է, որպեսզի միջազգային հանրության արձագանքը տարածաշրջանում իրադրության սրման վերաբերյալ լինի հասցեական:

 

«Ադրբեջանն ընկալում է եվրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական հայտարարությունները որպես քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականության համար: Հենց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հիմքում: Եվրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թույլ չտալու Ադրբեջանին հետ կանգնելու մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասել է նա:

 

Անդրադառնալով ԼՂ հարցում Թուրքիայի դերին՝ Շավարշ Քոչարյանն ասել է, որ այս հարցում այն լիարժեք սատարում է Ադրբեջանին:

 

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը»,- նշել է փոխարտգործնախարարը:

 

Շավարշ Քոչարյանը նկատել է, որ Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը եւ իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում:

 

«Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելու հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին