Փոխնախարարը խոսել է ՀՀ-ԵՄ քննարկումների «զգայուն կետերի» մասին - Mediamax.am

exclusive
7678 դիտում

Փոխնախարարը խոսել է ՀՀ-ԵՄ քննարկումների «զգայուն կետերի» մասին


Գարեգին Մելքոնյանը
Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն «կատարել են արդյունավետ եւ կառուցողական աշխատանք»:

Մեկ տարի առաջ, 2015 թվականի դեկտեմբերի 7-ին մեկնարկել էին Հայաստանի եւ ԵՄ-ի բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ։ 

 

Գարեգին Մելքոնյանը Մեդիամաքսին ասել է, որ բանակցային հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 13-ից 14-ը Բրյուսելում: Եւս մեկ հանդիպում կկայանա 2017թ. փետրվարին:

 

Նա նշել է, որ բանակցությունները կավարտվեն այն ժամանակ, «երբ համաձայնություն ձեռք բերվի երկկողմ օրակարգում եղած բոլոր հարցերի շուրջ»:

 

ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նոյեմբերին Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում ասել էր, որ «բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել, սակայն մենք չպետք է թերագնահատենք առկա խնդիրները՝ հիմնականում առեւտրի ոլորտում»:

 

Մեկնաբանելով այս խոսքերը, Գարեգին Մելքոնյանն ասել է.

 

«Կան հարցեր, որոնք հավելյալ քննարկման կարիք ունեն: Այստեղ է, որ հատվում են կամ կարող են հատվել Հայաստանի ստանձնած պարտավորությունները այլ ինտեգրացիոն ձեւաչափերում, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ պայմանավորված»:

«Շատ հարցերում մենք կարողացել ենք արդյունավետ աշխատել: Սակայն կան հարցեր, որոնք տնտեսական հետաքրքրության տեսանկյունից շատ զգայուն են եւ՛ մեր, եւ՛ եվրոպական կողմի համար: Զգայունությունը արտահայտվում է որոշակի հարցերում կողմերի ակնկալիքների եւ մոտեցումների տարբերության մեջ»,-Մեդիամաքսի հետ զրույցում ասել է փոխնախարարը:

 

Գարեգին Մելքոնյանը հայտնել է, որ բանակցվող համաձայնագրում «Ներդրումներ» գլուխը դեռեւս բաց է, քանի որ եվրոպական կողմը այն պաշտոնապես հայկական կողմին չի տրամադրել:

 

«Հույս ունենք, որ ամենամոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք սկսել քննարկումները նաեւ այս մասով», - նշել է Գարեգին Մելքոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին