Ագրամունտը խոստանում է պաշտպանել «ԵԽԽՎ-ի պատիվը» - Mediamax.am

6209 դիտում

Ագրամունտը խոստանում է պաշտպանել «ԵԽԽՎ-ի պատիվը»


Պեդրո Ագրամունտին
Պեդրո Ագրամունտին

Լուսանկարը` http://eltemps.cat


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն այսօր համաձայնել է Կանոնների հանձնաժողովի հայտարարության հետ, որը վերաբերում էր ԵԽԽՎ գործող եւ նախկին որոշ անդամների հասցեին հնչող մեղադրանքներին՝ կոռուպցիայի եւ շահերի բախման դրսեւորումների մասին:

Բյուրոն միաձայն որոշել է երեք քայլ կատարել: 

 

1. Յան Լիդել-Գրեյնգերի պատրաստած զեկույցի համատեքստում հնարավորինս արագ անցկացնել Վեհաժողովի վարքագծի կանոնների վերանայում:

 

2. Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը (GRECO) պետք է հրավիրվի խաղալու կենտրոնական դեր՝ Կանոնների հանձնաժողովին խորհրդատվություն տրամադրելու հարցում:

 

3. Անկախ հետաքննություն պետք է անցկացվի՝ լույս սփռելու այն թաքնված գործընթացների վրա, որոնք նպաստում են կոռուպցիային:

 

Բյուրոն հանձնարարել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պատրաստել հուշագրի նախագիծ՝ արտաքին անկախ հետաքննչական մարմնի ձեւավորման հնարավոր ժամկետների վերաբերյալ, որը պետք է քննարկվի մարտի 9-ին Մադրիդում  կայանալիք Բյուրոյի հաջորդ նիստի ժամանակ:

 

«Այս երեք քայլերն էական նշանակություն ունեն՝ հնչեցված տարբեր հայտարարություններին միանշանակ պատասխան տալու եւ ԵԽԽՎ-ի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցում: Դրանք նաեւ կարեւոր են՝ մեր վեհաժողովի եւ նրա անդամների հեղինակությունը պաշտպանելու տեսանկյունից»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:

 

Մեդիամաքսը նշում է, որ վերջին ամիսներին հայկական եւ արտասահմանյան մամուլը բազմաթիվ անգամ մեղադրել է հենց Պեդրո Ագրամունտին՝ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին