ՄԱԿ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին չհիշեցին - Mediamax.am

exclusive
6532 դիտում

ՄԱԿ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին չհիշեցին


Անտոնիու Գուտերիշը
Անտոնիու Գուտերիշը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացել է Եվրոպայում առկա հակամարտությունների խնդրին նվիրված բաց քննարկում, որի մասնակիցները, բացառությամբ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի, չեն հիշատակել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Քննարկումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ուկրաինան:

 

Քննարկմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

 

Նա ասել է, որ «սառեցված հակամարտություն» եզրույթը ապակողմնորոշող է, նկատելով, որ քանի դեռ խաղաղության համաձայնագրերը ստորագրված եւ իրագործված չեն, պահպանվում է բռնության վերսկսումը, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին:

 

«ՄԱԿ-ն ամբողջապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ հակամարտության կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը եւ լիարժեքորեն իրագործել հակամարտության կանխարգելմանն ուղղված համաձայնեցված միջոցները: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել ավելի

մեծ քաղաքական կամք՝ ոչ միայն հրադադարի ռեժիմը ամրապնդելու ու նախկինում ձեռք բերված պարտավորությունները կատարելու, այլեւ կայուն եւ համապարփակ բանակցային գործընթաց վերսկսելու  համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ եմ մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին եւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադադարը եւ վերսկսել բանակցությունները: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռայքրոֆտն էլ նկատել է, որ ԼՂ կարգավորումը շարունակում է դժվար հասանելի մնալ՝ անվստահության բարձ մակարդակի պատճառով:

 

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Եվրոպայում հակամարտությունների ի հայտ գալը պայմանավորված էր ոչ միայն աշխարհաքաղաքական, էթնիկական կամ տարածքային վեճերով, այլեւ ժողովուրդների ազատության եւ ինքնորոշման իրավունքը մերժելով: Նա հիշեցրել է, որ նորանկախ Ադրբեջանը 1990-ականների սկզբին պատերազմ եւ էթնիկական զտումներ սկսեց հայերի դեմ:

 

Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանին կոչ է արել քաղաքական կամք դրսեւորել եւ առաջ մղել խաղաղ գործընթացը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջարկած սկզբունքների հիման վրա: Հայաստանի դեսպանը նաեւ երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու համար, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն համաձայնեցված բանակցային ձեւաչափը ԼՂ խնդրի համար:

 

Հայաստանի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե էր անցկացվում՝ նոր Սահմանադրության վերաբերյալ մարդկանց կարծիքը արտահայտելու համար, Ադրբեջանի նախագահը Առաջին տիկնոջը նշանակեց երկրի առաջին փոխնախագահ: «Սրանք ժողովրդավարության տարբեր ընկալումներ են», - եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին