ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցում «վստահություն ձեւավորել» - Mediamax.am

5951 դիտում

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցում «վստահություն ձեւավորել»


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն այսօր ասել է, որ «այժմ ճիշտ ժամանակն է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հարցում վստահության մեխանիզմների ձեւավորման վրա»։

ԵԱՀԿ գրասենյակի փոխանցմամբ՝ այս մասին Սեբաստիան Կուրցն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։

 

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունները եւ բռնությունները, որոնք վերջին երկու տասնամյակի ամենավատ դրսեւորումներն էին, հանգեցրին ավերածությունների, տառապանքի եւ մարդկային կորուստների։ Սա վառ ապացույց էր, թե որքան արագ կարող է պատերազմի մեխանիզմը խարխլել խաղաղության հասնելու ջանքերը։ Այս կապակցությամբ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են հրադադարը»,- ասել է Սեբաստիան Կուրցը։

 

Նա կոչ է արել բոլոր կողմերին հանձնառություն ստանձնել՝ խստորեն հետեւելու միջազգային պարտավորությունների կատարմանը, քանի որ «պատերազմական գործողությունները երբեք չեն կարող արդարացված լինել»:

 

ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնել, որ կողմերը նոր խթան կհաղորդեն բանակցություններին։

 

«Շփման գծում արձանագրված բախումները եւ հրադադարի լուրջ խախտումները մեզ հատկապես մտահոգել են վերջին մեկ տարվա ընթացքում։ Ներկայում ճիշտ ժամանակն է կենտրոնանալ վստահության մեխանիզմների ձեւավորման, ինչպես նաեւ բովանդակային բանակցությունների վերսկսման համար պրագմատիկ եւ գործնական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել  է նա։

 

Սեբաստիան Կուրցն իր ցավակցությունն է հայտնել ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքներին։

 

«Մեկ տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքները հայերի եւ ադրբեջանցիների համար դժվարացնում են հավատալ խաղաղությանը, բայց ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք այժմ պետք է խաղաղության ծրագրեր կազմենք եւ թույլ չտանք պատերազմի վերսկսումը՝ իր բոլոր ահավոր հետեւանքներով հանդերձ»,- հավելել է ԵԱՀԿ նախագահը:

 

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը պատրաստակամ է բոլոր ջանքերը ներդնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին