ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ադրբեջանի լրատվամիջոցներին - Mediamax.am

8287 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ադրբեջանի լրատվամիջոցներին


Լուսանկարը` http://www.mid.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինը հանդես է եկել ադրբեջանական լրատվամիջոցների քննադատությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ռուսաստանի ԱԳՆ կայքէջում տեղադրված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինի պատասխանը ԶԼՄ այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը՝ պաշտպանելու ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովին, «որը 2014թ. դեկտեմբերին չճանաչված ԼՂՀ-ի ապօրինի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման»: 

 

Մեդիամաքսը նշում է, որ Դիլգամ Ասկերովն ադրբեջանական այն դիվերսանտներից մեկն էր, որ անօրինական կերպով ներթափանցել էին Արցախի տարածք եւ սպանել հայ պատանուն:

 

«Շատ հուզիչ է ադրբեջանական մամուլի ուշադրությունը ՌԴ քաղաքացիներին պաշտպանելուն ուղղված մեր աշխատանքի նկատմամբ: Թույլ տվեք վստահեցնել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հետեւողականորեն պաշտպանում է բոլոր ռուսաստանցիների օրինական շահերը՝անկախ նրանց ազգությունից:

 

Ինչպես հայտնի է, ԼՂ հակամարտության գոտին այն տարածքներից մեկն է, որտեղ այցելությունից ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել: Միեւնույն ժամանակ, մենք սկզբունքորեն դեմ ենք լրագրողների կամ մասնավոր քաղաքացիների խաղաղ այցելությունների քրեականացմանը որպես քրեական հանցագործություն:

 

Ինչ վերաբերում է հենց Դիլգամ Ասկերովին, ապա պետք է արձանագրենք, որ նա (ինչպես հետո Լապշինը) անտեսել է ՌԴ ԱԳՆ վերոնշյալ խորհուրդը: Քանի որ ՌԴ իշխանությունները չեն կարող վերահսկել քաղաքացիների տեղաշարժը երկրի  սահմաններից դուրս, ապա տվյալ պատմության մեջ մեզ համար առկա են որոշակի բացեր: Այսպես, մեզ հստակ հայտնի չէ, արդյոք Բաքվում տեղյա՞կ էին, որ ՌԴ քաղաքացին նպատակ ունի այցելել հակամարտության գոտի: Սակայն փաստն այն է, որ Դ. Ասկերովին Լեռնային Ղարաբաղում ձերբակալելուց հետո նրա ՌԴ ներքին անձնագրի պատճեն մենք ստացել ենք հենց ադրբեջանական իշխանություններից: Նույնպես չեմ կարող պնդել, որ Ասկերովին խրախուսել են անտեսել ՌԴ ԱԳՆ խորհուրդը: Սակայն նա ինչ-որ կերպ անցել է չէ՞խստորեն պաշտպանվող «շփման գիծը»:

 

Եթե ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ թվում՝ հայտնի Haqqin իշխանամետ ինտերնետ-կայքը, անկեղծորեն մտահոգված են Դ. Ասկերովի ճակատագրով, ապա նախ եւ առաջ պետք է դադարեցնեն այդ հարցի շուրջ ծավալվող քարոզչական աղմուկը: Դա լրջորեն խանգարում է մեզ մարդասիրական հիմունքներով թեթեւացնել ՌԴ քաղաքացու վիճակը»,- հայտարարել է Արտյոմ Կոժինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին