Վիկտոր Սողոմոնյան. «Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված» - Mediamax.am

exclusive
10257 դիտում

Վիկտոր Սողոմոնյան. «Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված»

Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` http://www.2rd.am

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ:

 

- Մայիսի 7-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց Կարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի տեքստը, որտեղ դիվանագետը մանրամասն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ելույթը: 

 

- Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:    

 

Հրապարակված կետերը, եթե դրանք այս պահին դրված են բանակցային գործընթացի հիմքում, անընդունելի հետքայլ են հայկական կողմի համար` հայտնի Մադրիդյան սկզբունքների համեմատ: Դա նախեւառաջ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի որոշման հարցի աղոտ ու գործնականում անիրագործելի ձեւակերպումն է`առանց պլեբիսցիտի հիշատակման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւը:

 

Դա այն դեպքում, որ հայկական կողմի համար Մադրիդյան փաստաթղթի արժեքը առաջին հերթին կայանում էր համաժողովրդական կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ Լաչինի միջանցքի ու ԼՂՀ-ի կարգավիճակների նույնականության մեջ: Պրն. Ուորլիքի ձեւակերպումներում հայաստանյան կողմի համար առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված եւ, ընդհակառակը, առավել զգայուն հարցերը խիստ շեշտադրված են: Ընդհանուր առմամբ, ձեւակերպումներն այնպես են շարադրված, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարողանա դրանք մեկնաբանել իրեն հարմար ձեւով: Համանախագահները նախկինում եւս նմանատիպ փորձեր արել են, սակայն այսպիսի մոտեցումը հաջողություն ունենալ չի կարող:     

 

- Վերջին օրերին շատ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է հենց Մադրիդյան սկզբունքներում ամրագրված հիմնադրույթները:

 

- Պատասխանի փոխարեն կառաջարկեմ հրապարակել Մադրիդյան փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են իմ կողմից հիշատակված խնդիրներին` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելուն եւ Լաչինի միջանցքի կարգավիճակին: Դրանց համեմատությունը համապատասխան «Ուորլիքի դրույթների» հետ հստակ ցույց կտա առկա տարբերությունը: 

 

******

 

Մադրիդյան փաստաթուղթ ( 2007թ. նոյեմբերի 29)

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

 

ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի պլեբիսցիտի միջոցով, որը կապահովի ԼՂ բնակչության ազատ եւ իրական կամարտահայտությունը: Պլեբիսցիտի անցկացման պայմանները եւ ժամանակացույցը կողմերի միջեւ կհամաձայնեցվեն  հետագա բանակցությունների միջոցով, ինչպես նկարագրված է կետ (9)-ում: ԼՂ բնակչության տակ ի նկատի են առնվում 1988 թվականին ԼՂ-ում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչները` այն էթնիկ համամասնությամբ, որը գոյություն ուներ մինչեւ հակամարտության սկիզբը: Չպետք է սահմանափակվեն հարցը կամ հարցերը, որոնք կներկայացվեն պլեբիսցիտի, եւ դրանք կարող են ներառել կարգավիճակի տարբերակների ամբողջական շրջանակը:

 

Լաչին

 

Համաձայնեցված լայնության միջանցքը կմիացնի ԼՂ-ն Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը հստակեցումը, տվյալ միջանցքը կգտնվի ԼՂ անցումային իշխանությունների վերահսկողության ներքո՝ ստատուս քվոյի պայմաններում: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումից հետո միջանցքի գործունեությունը կարգավորվելու է՝ հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:   

 

Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը

 

ԼՂ կարգավիճակը

 

ԼՂ բարդ պատմությունը հաշվի առնելով` կողմերը պետք է պարտավորվեն ապագայում  որոշել ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը փոխադարձ համաձայնեցված եւ պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա պարտադիր է: Անցումային կարգավիճակը ժամանակավոր կլինի:

 

Լաչին

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Չի կարող կարգավորում լինել առանց Ադրբեջանի ինքնիշխանության հարգման եւ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանության վերականգման անհրաժեշտության ճանաչման:

 

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք պետք է լինի: Այն պետք է բավականաչափ լայն լինի՝ անվտանգ տարանցում ապահովելու համար, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին