Զահիդուլ Հյուք. Հայաստանը մարդկային կապիտալի ահռելի ներուժ ունի - Mediamax.am

exclusive
5729 դիտում

Զահիդուլ Հյուք. Հայաստանը մարդկային կապիտալի ահռելի ներուժ ունի

Զահիդուլ Հյուքը
Զահիդուլ Հյուքը

Լուսանկարը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Լուսանկարը`


Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը մտահոգիչ են դարձնում հետեւյալ երեք խնդիրները՝ ցածր ծնելիություն, ծերացում եւ միգրացիա: Ծնելիության ցուցանիշը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մեկ կնոջ հաշվով կազմում է 1.5 երեխա՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: 65 եւ բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը մեր երկրում կազմում է 11.1%: Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 13.3%-ով: ԱՎԾ կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի բնակչությունը 2035թ. կկազմի 2.9 մլն:

 

Հայաստանում եւ հարեւան երկրներում տիրող ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ Մեդիամաքս-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքի հետ:

 

- Պարոն Հյուք, որո՞նք են ժողովրդագրական ամենամտահոգիչ երեք խնդիրները, որոնց Հայաստանն առերեսվում է այսօր:

 

- Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ ցածր ծնելիության խնդիրն այսօր առկա է ամբողջ Արեւելյան Եվրոպայում: Սա ժողովրդագրական անցումային փուլ է, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ: Բացի այդ, տարիներ շարունակ Հայաստանն արտագաղթի բարձր ցուցանիշներ է արձանագրել, ուստի, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, այն ավելի շատ է տառապում այս խնդրի պատճառով: Ցածր ծնելիության հետ կապված իրավիճակը Հայաստանում եւ Վրաստանում որոշ չափով համեմատելի է, անգամ Վրաստանում բնակչության աճի տեմպերը զիջում են Հայաստանին: Իմ կարծիքով՝ բացակայում է ամենակարեւորը՝ բավարար ներդրումները երիտասարդության շրջանում: Անհրաժեշտ են ներդրումներ կրթության, առողջապահության, բնակարանաշինության ոլորտներում, աշխատաշուկայում: Այս բոլոր խնդիրները մտահոգության առիթ են Հայաստանի համար: Սակայն վերջինս ահռելի ներուժ ունի՝ իր մարդկային կապիտալի շնորհիվ: Հայ երիտասարդները շատ եռանդուն են, խելացի, եւ մեզ միայն անհրաժեշտ է ներդրումներ կատարել նրանց շրջանում: Այդ դեպքում՝ Հայաստանն ավելի լավ վառ ապագա կունենա:

 

- Շատ է խոսվում Հայաստանի «տագնապալի» ժողովրդագրական պատկերի մասին: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականի հետ: 

 

- Ես այդպես չեմ կարծում. ավելի շատ գործ ունենք իրավիճակը լավ չհասկանալու հետ: Ինչպես նշեցի, աշխարհի շատ երկրներ այժմ անցումային փուլում են: Նրանք պարզապես պետք է վերանայեն իրենց գործողությունները ցածր ծնելիության եւ արտագաղթի բարձր տեմպի պայմաններում: Իհարկե, նրանք պետք է բարեփոխեն կենսաթոշակային համակարգը, աշխատանքի շուկան: Դա, անկասկած, կօգնի Հայաստանին:

 

Չափազանց կարեւոր է նաեւ երիտասարդներին կենսաթոշակային քաղաքականության մշակման հարցում ներգրավելը: Մենք դրա ականատեսը եղանք Ալբանիայում, որը բավական տպավորիչ արդյունքներ ունեցավ: Երկրի երիտասարդները մտածում էին իրենց ապագայի մասին, եւ այնտեղ չկար բախում սերունդների միջեւ: Երիտասարդության ներգրավվածությունը համանման քաղաքականության մշակման հարցում արմատական նշանակություն ունի:    

 

Զահիդուլ Հյուքն ու Եկատերինա Պողոսյանը

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

- Խնդրում եմ, ներկայացրեք ժողովրդագրական իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում: 

 

- Բնակչության ծերացումը լուրջ խնդիր է նաեւ Վրաստանի համար: Կյանքի միջին տեւողությունն այդ երկրում բավական երկար է, մինչդեռ ծնելիության մակարդակը ցածր է: Սակայն Վրաստանն այս խնդին առնչվող մի շարք ոլորտներ հանձնել է մասնավոր հատվածի պատասխանատվությանը, եւ այժմ ծերացող բնակչության հոգսը կիսով չափ ընկած է մասնավոր ընկերությունների ուսերին, ուստի այս ուղղությամբ մի փոքր ծայրահեղ վիճակ է ստեղծվել: Մասնավորի ամբողջական ներգրավվածությունը լուծում չէ, սակայն ընտրովի մոտեցում կարելի է կիրառել, ինչպես օրինակ, ԱՄՆ-ում է: Այս հարցում անհրաժեշտ է մասնավոր եւ պետական հատվածների համագործակցությունը: Ադրբեջանում տնտեսությունը ծաղկում է, եւ նրանք պետք է ներդրումներ կատարեն սոցիալական ապահովության ոլորտում: Ամեն անգամ՝ Ադրբեջան այցի ընթացքում, ասում եմ, որ անհրաժեշտ են ներդրումներ սոցիալական հատվածում, այլապես իրավիճակն այնտեղ կարող է զարգանալ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների օրինակով, որոնք հարուստ են նավթով, բայց ներդրումներ չեն կատարում կրթության, առողջապահության եւ սոցիալական այլ ոլորտներում: Սրանք լուրջ խնդիրներ են ստեղծել այդ երկրների համար: Նույնը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի հետ, որտեղ կրթության, առողջապահության վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:   

 

- Դուք հավանաբար տեղյակ եք Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդրի մասին: Վերջերս այս մասին խոսեց նաեւ ՀՀ վարչապետը եւ հանձնարարեց պետական գերատեսչություններին մինչեւ 2015թ. մարտը գործողությունների հստակ ծրագիր ներկայացնել: Ինչպե՞ս եք գնահատում այս խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:  

 

-Նախ եւ առաջ, այս խնդիրը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Խնդրի արմատներն ընկած են սեռերի իրավահավասարության հարթությունում: Լուծումը մեր մտածելակերպի, աշխարհընկալման մեջ է, թե ինչպես են աղջիկ երեխաները գնահատվում հասարակությունում: Մենք պետք է հասարակությանը ցույց տանք, որ աղջիկները հավասարապես կարեւոր են, եւ նրանք հավասար իրավունքներ եւ աշխատանքային հնարավորություններ ունեն: Հենց այս համոզմունքը պետք է ընկած լինի որոշումների կայացման հիմքում:   

 

Զահիդուլ Հյուքի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին