Ռիչարդ Կոզլարիչ. «Երկու կողմերն էլ պատերազմի են պատրաստվում» - Mediamax.am

exclusive
8742 դիտում

Ռիչարդ Կոզլարիչ. «Երկու կողմերն էլ պատերազմի են պատրաստվում»

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը

Լուսանկարը` http://newsdesk.gmu.edu/

Լուսանկարը`


Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

Ռիչարդ Կոզլարիչը 1990-ականներին ԱՄՆ դեսպանն էր Ադրբեջանում եւ Բոսնիա-Հերցեգովինայում: 32 տարվա դիվանագիտական կարիերայի ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ Պետդեպարտամենտում:

 

Նախորդ շաբաթ պաշտոնաթող դիվանագետը հրապարակեց «Ադրբեջանում Հեյդար Ալիեւի դարաշրջանի ավարտը» հոդվածը, որում քննադատության ենթարկեց Իլհամ Ալիեւի վարչակազմի քաղաքականությունը:

 

Իր հոդվածում Ռիչարդ Կոզլարիչը անդրադարձել էր նաեւ ԼՂ կարգավորման գործընթացի ակտիվացման հնարավոր եղանակներին: Մասնավորապես, նա առաջարկել էր կողմերին լիազորություններով օժտված բանակցողներ նշանակեն, ովքեր բանակցություններ կվարեն Մինսկի գործընթացի շրջանակներում, սակայն առանց Մինսկի խմբի ուղիղ միջնորդության:

 

Մեդիամաքս-ը խնդրեց Ռիչարդ Կոզլարիչին մանրամասնել իր առաջարկները:

 

- Դուք առաջարկել եք Հայաստանի եւ Ադրբեջանին լիազորություններով օժտված բանակցողներ նշանակել, ովքեր բանակցություններ կվարեն Մինսկի գործընթացի շրջանակներում, սակայն առանց Մինսկի խմբի ուղիղ միջնորդության:  Ինչո՞ւ եք կարծում, թե համանախագահների անմիջական միջնորդության կարիքն այլեւս չկա:

 

- Ժամանակն է ընդունել, որ Մինսկի խումբը սահմանել է ԼՂ կարգավորման համաձայնագրի չափորոշիչները, եւ կողմերը այժմ պետք է պատասխանատվություն ստանձնեն այդ գաղափարների իրականացման համար եւ ուղիղ բանակցություններ վարեն: Կողմերն այլեւս չեն զգում Մինսկի խմբի կարիքը՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցելու համար: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքի ոգով ուղիղ բանակցություններ չվարեն, ապա Մինսկի խումբը չի կարող անել ավելին:    

 

- Անցյալում ուղիղ բանակցություններ ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ, ավելի ուշ նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը արտաքին գործերի նախարարների տեղակալներ Թաթուլ Մարգարյանին եւ Թոֆիգ Զիլֆուղարովին նշանակեցին որպես իրենց անձնական ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, այս ձեւաչափերը տեսանելի արդյունքներ չտվեցին: Ինչու՞ եք կարծում, թե նման ձեւաչափը կարող է արդյունավետ լինել այսօր:

 

- Ես համաձայն եմ՝ սա նոր ձեւաչափ չէ, սակայն ես կրկին կօգտագործեի այն, քանի որ Մինսկի խումբն արդեն հիմք է նախապատրաստել կարգավորման համար, ինչը գոյություն չուներ առաջ՝ 1990-ականներին, երբ ես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էի: Խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության համար Մինսկի խմբին մեղադրելու փոխարեն, ճիշտ կլիներ, եթե Երեւանն ու Բաքուն պատասխանատվություն ստանձնեին եւ ցույց տային Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, որ քաղաքական առաջնորդներն ավելի պատրաստ են ռիսկի դիմել հանուն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:  

 

-  Իսկ ավելի խելամիտ չէ՞ վերականգնել լիարժեք բանակցային ձեւաչափը եւ բանակցություններ վարել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, ինչպես դա տեղի էր ունենում 1990-ականներին:

 

- Ձեւաչափը պետք է լինի ուղղակի եւ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններ:

 

- Հայաստանում շատերը կարծում են, թե նախագահ Ալիեւը ճնշում է գործադրում իր երկրի քաղաքացիական հասարակության եւ հայերի հետ շփումներում ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պատերազմի է պատրաստվում: Ի՞նչ կասեք այս մասին:

 

- Ցավով պետք է ասեմ, բայց երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի, պարզապես տարբեր եղանակներով: Ինչու՞ եմ սա ասում: Որովհետեւ Բաքուն եւ Երեւանը ստեղծել են այնպիսի պայմաններ, երբ երկու երկրների ժողովուրդների համար քաղաքական տեսանկյունից առավել ընդունելի արդյունք է ռազմական հակամարտությունը, քան խաղաղ փոխզիջումը: Քանի դեռ քաղաքական առաջնորդները երկու երկրների բնակչությանը չեն նախապատրաստում փոխզիջումների գնալու գաղափարին, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է աշխատել դիվանագիտությունը՝ հասնելու հակամարտության այնպիսի կարգավորմանը, որը հիմնված չի լինի զրոյական արդյունքով (zero-sum) մոտեցման վրա:

 

-  Չե՞ք գտնում, որ հակամարտության լուծումն անհնարին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ալիեւը պատրաստ չէ ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնալու Ադրբեջանի տիրապետության տակ:

 

-  Ներկայիս փակուղային իրավիճակը մեկ կողմի պատճառով չի ստեղծվել:  Տարիների ընթացքում Մինսկի խմբի ձեւաչափով առաջարկվել են «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցման բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ՝ հակամարտությանը վերջ դնելու եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ապագայի համար: Քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը ա) հանձնառու չեն (երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով) լուծել խնդիրը դիվանագիտական եւ խաղաղ եղանակով, բ) կամք չեն ցուցաբերել եւ ստանձնել ռիսկեր խաղաղության համար, եւ գ) ընդունել Մինսկի խմբի մեխանիզմը որպես գործընկերություն, այլ ոչ թե հարթակ առաջընթացի բացակայության մեջ միմյանց մեղադրելու համար, ներկա մոտեցումների հաջողության վերաբերյալ հույսերը շատ աննշան են:

 

Ռիչարդ Կոզլարիչի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին