Ֆրանկ Բոլանդ. «Հայաստանի զինուժը փորձ է ձեռք բերում» - Mediamax.am

exclusive
7306 դիտում

Ֆրանկ Բոլանդ. «Հայաստանի զինուժը փորձ է ձեռք բերում»

ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը
ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդի հետ

 

- Պարոն Բոլանդ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի պաշտպանության բարեփոխումների իրականացման ընթացքը: 

 

- Պաշտպանության բարեփոխումները շարունակական գործընթաց են: Այն փաստը, որ Հայաստանը Պաշտպանության ռազմավարական վերանայման (SDR) գործընթացն ավարտելով դեռ 2010-ին, այժմ որոշել է ինստիտուցիոնալացնել այն՝ որպես կանոնավոր կառավարման գործընթացի մի մաս, չափազանց կարեւոր է: Այս բոլոր աշխատանքները իրականացվում են բավական սուղ ֆինանսական միջոցների պայմաններում, այնպես որ կարեւոր է, որպեսզի Հայաստանի Զինված ուժերը կարողանան առավելագույնը ստանալ այդ հատկացումներից:

 

ԶՈՒ-ի ղեկավարության հետ մեր աշխատանքներում փորձում ենք ուշադրություն դարձնել ոչ միայն ԶՈՒ-ի (չնայած գիտակցում եմ, որ դժվար է փոխել ռազմական կառուցվածքը, երբ դուք իրական կյանքում ներգրավված եք գործողություններում), այլեւ անձնակազմի կառուցվածքին: Օրինակ, արհեստավարժ սերժանտական համակարգը արդյունավետորեն վերափոխելու համար ՀՀ Զինված Ուժերը միջին օղակի ղեկավարման կազմ կունենան, եւ դա ինքնին շատ կարեւոր է:

 

Պետք է նաեւ նշել հակակոռուպցիոն աշխատանքները, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից՝ ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման ծրագրի շրջանակում:

ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք հավատում ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ ուրախ ենք, որ այս գործընթացի մասն ենք կազմում:

Ի՞նչ ենք ակնկալում երկարատեւ հեռանկարում: Ավելի ամուր կառավարման կառուցվածք, որը հիմնված կլինի հստակ մշակված նպատակների վրա, որը ինքնին կպատասխանի այն հարցին, թե ինչպես առկա միջոցներից ստանալ առավելագույնը եւ արդյունքում ունենալ ավելի լավ պատրաստվածություն եւ ավելի լավ կրթություն զինվորական անձնակազմի համար: Մենք հավատում ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ ուրախ ենք, որ այս գործընթացի մասն ենք կազմում:

 

- Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ` ՀՀ ԶՈՒ-ի փոխգործունակ կարողությունների զարգացման ուղղությամբ: ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակն անցյալ տարի հաջողությամբ անցկացրել է ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում 2-րդ մակարդակի (մարտական կարողությունների) ինքնագնահատում: Այս տարի սպասվում է 2-րդ մակարդակի գնահատում ՆԱՏՕ-ի ՕԿՀ-ի շրջանակում: Ինչպե՞ս կգնահատեք այս համագործակցությունը, եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:

 

- Սա մի գործընթաց է, որը տանում է դեպի ՆԱՏՕ-ի 2-րդ մակարդակի գնահատումը, որտեղ մանրակրկիտ կուսումնասիրվեն բոլոր իրավասությունները, կարողություններն ու կարգերը: Կարեւոր է պատշաճ ձեւով պատրաստվել այդ աշխատանքներին: Բոլոր այս փուլերը՝ ՕԿՀ-ի շրջանակում 1-ին մակարդակի ինքնագնահատումը, այնուհետ՝ ՆԱՏՕ-ի 1-ին մակարդակի գնահատումը, եւ հիմա 2-րդ մակարդակի ինքնագնահատումը, շատ կարեւոր են: Այս ամենի վերջում, գումարտակի՝ 2-րդ մակարդակի գնահատումն անցնելուց հետո, ինչպես մենք ենք ակնկալում, այն կգնահատվի մարտունակ այն գործողությունների համար, որոնց կմասնակցի:

 

Սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես է ՊՆ ղեկավարությունը հաստատում իր ուսումնական ընթացակարգերը, եւ մեր կողմից արտասահմանյան չափանիշների ներկայացումը կօգնի նրանց բարելավել այն ճանապարհը, որով ընթանում են:

 

- Ներկայում ընթանում են ՀՀ պաշտպանության ռազմավարական 2-րդ վերանայման աշխատանքները: Ինչպես եւ 1-ին վերանայման ժամանակ, այսօր էլ Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն այս գործում խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Ձեր կարծիքով` կա՞ արդյոք նկատելի կապ 1-ին եւ 2-րդ  ռազմավարական վերանայումների միջեւ:

 

- Ես չեմ կարող հանգամանորեն պատասխանել այս հարցին, քանի որ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք ռազմավարական 2-րդ վերանայման ավարտին: Սա մի ընդհանուր գործընթաց է, որի մի մասն ավարտվում է, մյուսը՝ շարունակվում է, եւ դրանք փոխկապակցված են: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ խմբերի աջակցությանը, ապա այն, իհարկե, շատ կարեւոր է: Օրինակ, բրիտանական թիմի անդամներից մեկն իմ գործընկերն է, որը հիմա Վրաստանում է եւ ՊՆ-ի հետ աշխատում է իրենց պաշտպանության ռազմավարական վերանայման վրա: Ամերիկյան խմբի անդամներից մեկը ժամանակին եղել է իմ խորհրդականը, ներկայում գործում է որպես անկախ փորձագետ եւ ահռելի փորձ ունի այս ասպարեզում: Այնպես որ, այն խորհրդատվությունը, որը հայկական կողմը ստացել է այդ խմբից, համահունչ է նրան, ինչ մենք խորհուրդ կտայինք անել:

 

Հաշվի առնելով 1-ին պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները` վստահ եմ, որ մենք կրկին շատ լավ արդյունքներ կունենանք, ինչի նպատակն է, ի վերջո, ունենալ ավելի պրոֆեսիոնալ, ավելի կենտրոնացած ու ավելի քիչ ծախսատար ԶՈՒ:

 

- Հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրներում ձեր փորձը` ո՞րքան է այս գործընթացի տեւողությունը, թե՞ այն անհատական մոտեցման հարց է:

 

- Որոշ երկրներ հայտարարում են, որ պատրաստվում են իրականացնել պաշտպանության ռազմավարական վերանայումը վեց ամսում: Երբ լսում եմ այդպիսի խոսակցություններ, միշտ պատասխանում եմ, որ դա անհեթեթություն է եւ բացարձակապես անհնար մի բան: Այդ աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ-մեկուկես տարի, իսկ ավելի արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի 2 տարվա ընթացքում: Սա մշտական գործընթաց է, որի միջով անցնում է երկիրը, սակայն այն հաստատակամությունը, որով իրականացվեց պաշտպանության ռազմավարական վերանայումը, ինձ վստահություն է ներշնչում ապագայի հանդեպ:

ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրանկ Բոլանդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվ երրորդ՝ չեք կարող ունենալ պրոֆեսիոնալ կառավարման համակարգ, եթե այն կոռումպացված է կամ չի պայքարում կոռուպցիայի դեմ:

- Հայաստանի ՊՆ-ն իրականացվող բարեփոխումների շրջանակում մեծ տեղ է հատկացնում ՊՆ համակարգում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների ոլորտներին` ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: Հայաստանի փորձը վերոնշյալ ոլորտներում անցյալ տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված «Բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման ժամանակ առաջնորդության մարտահրավերը» խորագրով միջոցառմանը ներկայացրել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ինչպե՞ս կգնահատեք համագործակցության մակարդակն այս ոլորտում Հայաստանի ՊՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ:

 

- Նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը վերջերս Վաշինգտոնում մասնակցել է Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին [այն կազմակերպվել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի եւ ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման նախաձեռնության համատեղ ուժերով - Մեդիամաքս ]:

Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր է երեք հիմնական պատճառով: Առաջին՝ այն պետք է դիտարկել օրինականության եւ արդարության համատեքստում: Երկրորդ կարեւոր հարցը` ինչպես ստանալ առավելագույն արժեք այն միջոցներից, որոնք հատկացվում են պաշտպանության բարեփոխումներին: Եվ երրորդ՝ չեք կարող ունենալ պրոֆեսիոնալ կառավարման համակարգ, եթե այն կոռումպացված է կամ չի պայքարում կոռուպցիայի դեմ: Այս ամենը կառավարման արհեստավարժեցման ընդհանուր ռազմավարության մի մասն է, որի հետ Հայաստանը հստակ հաշվի է նստում:

 

- Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ համագործակցության կարեւոր ուղղություն է նաեւ ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող միջազգային անվտանգության ապահովման առաքելություններին: Մեր խաղաղապահները շարունակում են իրենց ծառայությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած երկու հիմնական առաքելություններում (Աֆղանստան եւ Կոսովո): Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող տարատեսակ զորավարժություններին եւ դասընթացներին: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս ոլորտում համագործակցության ուղղությամբ:

 

- Հեռանկարները լավն են: Անցած տարի մենք ականատես եղանք Հայաստանի եւս մեկ ներգրավվման՝ այս անգամ ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՄԱԿ-ի կողմից Լիբանանում իրականացվող UNIFIL առաքելություն կազմում: ՆԱՏՕ-ն սա նույնպես ողջունում է, քանի որ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը բխում են բոլորիս շահերից:

 

Բացի այդ, [մասնակցելով այդ առաքելություններին] Հայաստանի զինուժը ձեռք է բերում փորձ եւ դասեր քաղում, ինչը շատ օգտակար կլինի նրա ընդհանուր պատրաստվածության եւ կառավարման համակարգի բարելավման տեսանկյունից:

 

Ֆրանկ Բոլանդի հետ զրուցել է Արամ Արարատյանը 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին