Հորսթ Հովլեր. Կիրովականի ճամբարի նախկին ռազմագերին - Mediamax.am

exclusive
22638 դիտում

Հորսթ Հովլեր. Կիրովականի ճամբարի նախկին ռազմագերին

Հորսթ Հովլերը
Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Լուսանկարը`


Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակը մեր ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի՝ այդ պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվեցին: Եթե հաշվի առնենք, որ 1,5 մլն հայերի կյանք խլած Ցեղասպանությունից անցել էր ընդամենը 30 տարի, հասկանալի է դառնում, թե որքան մեծ էին 1941-1945թթ. կորուստները մեր ազգի համար:

 

Այդ պատերազմի հետեւանքներից էր գերմանացի, ռումինացի, հունգարացի ռազմագերիների առկայությունը Հայաստանում: Նրանք հիմնականում զբաղվում էին շինարարական աշխատանքներով՝ «հատուցելով» ֆաշիստական Գերմանիայի մեղքերը:

 

Մեդիամաքսի թղթակից Անուշ Պետրոսյանը 2015 թվականին Բեռլինում գտել էր Կիրովականի ռազմագերիների ճամբարի նախկին ռազմագերի 87-ամյա Հորսթ Հովլերին եւ զրուցել էր նրա հետ:

 

- Ինչպե՞ս եւ ե՞րբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը դարձաք:

 

- 1944 թվականին, երբ 16 տարեկան դարձա, ինձ բանակ զորակոչեցին՝ որպես Հակաօդային պաշտպանությունում զենիթային հրանոթի զինվորի օգնական: Այն ժամանակ մարդկային ուժի պակաս կար եւ 16 տարեկանը բոլորած շատ պատանիների տանում էին բանակ՝ որպես հակաօդային պաշտպանության զինվորների օգնականներ: Մենք նույնիսկ գերմանական բանակի համազգեստ չէինք կրում:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Հորսթ Հովլերի արխիվից

- Ինչպե՞ս գերի ընկաք: Ռազմագերի լինել, այն էլ այդքան հեռու եւ անծանոթ երկրում, պետք է որ դժվար լինի:

 

- Պատերազմը համարյա ավարտված էր: 1945 թվականի մայիսի 7-ն էր: Սովետական բանակը Օդերի կողմից մտավ Գերմանիա: Փախուստի ժամանակ գերի ընկանք: Մեզ մոտ ոչ զենք կար, ոչ էլ այլ պաշտպանվելու միջոց: Առանց մարտական գործողությունների՝ հանձնվեցինք: Սկզբից եկանք Քյոնիգսբերգ՝ այժմյան Կալինինգրադ, իսկ 1945 թվականի դեկտեմբերի վերջին մեզ Կիրովական տեղափոխեցին:

 

Մտածում էինք, որ տուն ենք մեկնում, բայց պարզվեց՝ շատ ավելի հեռու ենք գնում: Երեք շաբաթ տեւած ճանապարհից հետո՝ հայտնվեցինք Կիրովականում: Հիմա գիտեմ, որ քաղաքի անունը փոխվել է՝ Վանաձոր:

 

Մեզ բերեցին Կիրովականի ռազմագերիների ճամբար: Սկզբից պատկերացում չունեինք նույնիսկ, որտեղ ենք գտնվում:

 

- Շատ է խոսվում ճամբարներում ռազմագերիների հանդեպ կիրառվող տարբեր դաժանությունների եւ ագրեսիայի մասին: Ինչպիսի՞ն են Ձեր հիշողությունները:

 

- Զինվորական հսկիչ պահակախումբը Սովետական Միության տարբեր երկրների զինվորներից էր բաղկացած: Նրանք մեզ հսկում էին եւ աշխատանքի ուղեկցում:

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Շատ տարբեր էր հսկիչների վերաբերմունքը, որը պայմանավորված էր նրանց՝ պատերազմի ժամանակ ունեցած ապրումներով: Նրանք տարիքով էին եւ պատերազմի իրենց հիշողություններն ու փորձը ունեին: Շատ էին տառապել, կորցրել ընտանիքի անդամներին: Հենց այդ պատճառով էլ որոշակի ագրեսիվություն կար ռազմագերիների հանդեպ: Բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այլ կերպ լինել չէր կարող: Հիտլերյան բանակի պատճառով ընտանիքը, հարազատներին կորցրած զինվորները պետք է հիմա հսկեն ռազմագերիներին: Բնական է, որ մեր հանդեպ ազնվականի պես չէին վարվելու: Պետք է հասկանալ, որ նրանց համար էլ շատ դժվար էր: Շատ հակադրություններ կային։ Ռազմագերիները նույնպես մասամբ խնդիրներ էին ստեղծում, երբեմն ագրեսիվ էին իրենց պահանջներում ու արտահայտություններում:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Այն ժամանակ մեծ խնդիր էր սննդամթերքի պակասը, որը սովետական կողմը չէր կարողանում ապահովել, քանի որ պայմաններ չկային: ԽՍՀՄ-ը բավարար սննդամթերք չուներ նույնիսկ մեր ճամբարի հարեւանությամբ գտնվող մանկատան երեխաների համար: Երկրի բնակչությունը նույն կերպ տառապում էր սննդամթերքի պակասից:

 

- Հարաբերվո՞ւմ էիք տեղի բնակչության հետ։

 

- Պետք է ասեմ, որ հայ մարդկանց հետ մեր հարաբերությունները լավ էին, սակայն բացառապես գործնական բնույթ էին կրում:

 

Առաջին երկու տարին վաղ առավոտյան դուրս էինք գալիս ճամբարից եւ հսկիչ պահակախմբի հետ գնում շինհրապարակ: Մենք մեկուսացված էինք բնակչությունից: Հարաբերվում էինք բացառապես հայ շինարարների հետ, ովքեր կարգավորում էին մեր աշխատանքը: 

 

Բացի այդ, հայերը խոսում էին իրենց լեզվով, որը մենք չեինք կարողանում հասկանալ: Միայն մի քիչ ռուսերեն է գլխումս մնացել, որը սովորում էինք զինվորներից: Հիշում եմ հաճախ հնչում էր. «Oчень много работы»։ Հայերենը լսում ու ոչինչ չէինք հասկանում: Շատ եմ ափսոսում դրա համար: Այն սակավ բառերը, որ հիշում եմ, սրանք են՝ «Շուտ արա»:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

1947-1948 թվականներին, երբ սկսեցինք որոշակի գումար ստանալ որպես ռազմագերի, հնարավորություն ստացանք նաեւ ցերեկվա ընդմիջման ժամանակ դուրս գալ: Հիշում եմ ճամբարից դուրս տանող երկար փողոցը, որի ծայրին փոքր վաճառակետեր էին: Դուրս էինք գալիս ու արեւածաղիկ կամ թութուն առնում: Այդքանով եզրափակվում էր մեր շփումը տեղի բնակիչների հետ:

 

Շինարարական աշխատանքների ժամանակ էլ մեզ հետ աշխատող հայերը մեզ հաց էին տալիս կամ ուրիշ բաներ, որոնց կարիքը ունեինք:

 

- Ի՞նչ եք տարել Ձեզ հետ Հայաստանից՝ իրեր, ընկերներ, հիշողություններ…

 

- Առարկայական ոչինչ չեմ հասցրել վերցնել Հայաստանից: Ազատվեցի հանկարծակի` մեկ օրում: Հսկիչ զինվորականները մեզ տարան Թբիլիսի, հետո Սեւ ծովի ափով ի վերջո տուն հասանք:

 

Հայաստանից ինձ հետ միայն հիշողություններ եմ վերցրել, որոնք կարծես ամբողջական չլինեն այլեւս…

 

- Ձեզ հետ գերությամբ անցած ընկերների հետ զրույցներն էլ չե՞ն ամբողջացնում այդ հիշողությունները։

 

- Տարիներ շարունակ փորձել եմ գտնել մարդկանց, որոնց հետ ճամբարում ենք եղել: Բայց զուր. էդպես էլ չստացվեց գտնել նրանց: Միայն մեկ ընկեր ունեի այդ տարիներից, ով ավելի շուտ ազատվեց ու վերադարձավ տուն:  Ընկերությունը շարունակվեց նաեւ Գերմանիայում: Նա էլ, ցավոք, արդեն մահացել է:

Կիրովականի ռազմագերիների ճամբարից մորն ուղղված առաջին նամակը Կիրովականի ռազմագերիների ճամբարից մորն ուղղված առաջին նամակը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Մնացածն էլ աստիճանաբար ազատվում եւ վերադառնում էին իրենց տները: Կապ հաստատել չկարողացանք: Կորցրեցինք իրար: Ես ապրում էի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ), որտեղ համարյա չէինք խոսում այդ մասին: Նաեւ որեւէ հաստատություն չկար, որտեղ գրանցվեինք եւ գտնեինք միմյանց:

 

Ամենից վատ հիշողությունը, որ մնացել է՝ անորոշությունն էր: Երբ որպես ռազմագերի Կալինինգրադ ժամանեցինք, որեւէ իրական տեղեկատվություն չունեինք, ինչքան ենք մնալու գերության մեջ: Ահարկու էր, սարսափազդու: 

 

Հայաստան բերեցին գնացքով: Ձմեռ էր, ցուրտ: Ճանապարհն էլ տեւում էր երեք շաբաթ: Շատ տխուր, լարված եւ բարդ իրավիճակ էր, որը առողջությանը շատ վնասներ հասցրեց: Մենք ցուրտ ու երկար ճանապարհ էինք ընկել դեպի անորոշություն:  Չգիտեինք ուր ենք գնում, ինչքան ենք մնալու: Այդ անորոշությունը մեզ վախեցնում էր: Սովետական բանակի սպաները ասում էին, թե մենք պետք է երկար տարիներ փոխհատուցենք ֆաշիստական պատերազմի հասցրած բոլոր վնասները: Անտանելի էր։

 

Այն ժամանակ 17 տարեկան էի ու մտածում էի` ախր ես ինչ գործ ունեմ այդ ֆաշիստական պատերազմի եւ անիծված Հիտլերի հետ: Ես նույնիսկ իրական զինվոր չեմ եղել: Գերի եմ ընկել առանց որեւէ մեղք գործելու եւ կատարվածի համար նույնիսկ չնչին մեղքի զգացողություն չունեի: Սովետական ժողովրդին ոչինչ չեմ արել: Նույնիսկ մեկ կրակոց չեմ արձակել: Ինչո՞ւ պետք է չորս տարի ռազմագերի լինեմ: Չէ որ բացարձակապես մեղավոր չեմ:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Բայց հիմա, երբ տարիների հեռվից հետ եմ նայում, հասկանում եմ՝ մենք, անխոս, պարտավոր էինք ֆաշիստական պատերազմի մեղքի եւ պարտքի մի մասը մեզ վրա կրելու եւ հատուցելու։ 

 

Արդեն 87 տարեկանում կարող եմ վստահորեն ասել, որ դա մեր պարտքն էր՝ որպես գերիներ, Սովետական միությանը փոքրիկ օգնություն ցուցաբերել: Մեղավորության զգացում չունեմ, բայց նաեւ Սովետական միության այն ժամանակվա որոշումը սխալ չեմ համարում։ Գտնում եմ, որ այդքան երիտասարդ տարիներս Կիրովականում գերության մեջ անցկացնելը վատ մտքերի հիմք չէ։

 

- Հիշու՞մ եք Կիրովականը, կարո՞ղ եք նկարագրել:

 

- Համարյա չգիտեմ Կիրովականը: Մենք մի ճամբարում էինք, որը երեւի քաղաքի կենտրոնում էր, երբ ներքեւ էինք իջնում աշխատելու, միշտ ինչ-որ փոքր գետի վրայով էինք անցնում: Կարծում եմ, դեպի հյուսիս Կիրովականի արվարձաններից մեկում շինարարության վրա էինք աշխատում: Գործարան էինք կառուցում: Հայ մասնագետների ղեկավարությամբ էինք աշխատում: Նրանք հայկական կարմիր քարն էին մշակում, կտրում իրենց փոքրիկ մուրճերով, դարձնում քառակուսիներ: Մենք հետո այդ կտրված քարերը տանում էինք շինհրապարակ, որտեղ շարվում էին պատերը: Ես այնտեղ բացառապես բանվորական գործ էի անում, օգնում էի շինարարներին:

 

Շատ երկար մտածել եմ, բայց չեմ կարող ասել Կիրովականի ո՞ր մասում էր դա: Մենք չէինք կարող ազատորեն քաղաք դուրս գալ: Գիտեինք միայն դեպի շինհրապարակ եւ հետ դեպի «տուն» ճանապարհը: Ծանոթներս էլ են հաճախ հարցնում, թե ինչպիսին է Կիրովականը: Ցավոք չեմ կարող շատ բան ասել: Միայն գիտեմ, որ մեր ճանապարհը եւ կյանքը միապաղաղ էր՝ ճամբար-շինհրապարակ-ճամբար:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

Մի անգամ էլ` 1948 թվականին, մեզ տարան ինչ-որ ճանապարհի վրա աշխատելու: Պետք է լայնացնեինք այն: Ինչպես պատմում էին, ճանապարհը գնում էր դեպի Սեւանա լիճ: Այնտեղ շաբաթներ շարունակ մի սարի վրա աշխատեցինք: Երբեմն ծանոթներիս հետ Հայաստանի մասին զրուցում եմ։ Բոլորն էլ վստահաբար ասում են. «Շատ հայուհիների սիրահետած կլինես»։ Որդիներիս կանայք էլ կատակով ասում են. «Խոստովանիր, հաստատ երեխաներ ունես այնտեղ»: Նրանք չեն հավատում, որ իրականում որպես ռազմագերի միապաղաղ կյանք եմ ունեցել։

 

- Վերադարձից հետո ինչպիսի՞ն էր կյանքը, ադապտացման շրջան եղա՞վ։

 

- Մեր գնացքը հասավ Օդերի Ֆրանկֆուրտ: Ընտանիքս ու հարազատներս ապրում էին սովետական` ԳԴՀ-ի տարածքում: Ես էլ մնացի սովետական մասում: Ապրում էի մորս հետ` Մեկլենբուրգի փոքր գյուղերից մեկում: Սկզբնական ժամանակահատվածն անտանելի դժվար էր` անեծք: 21 տարեկան էի: Սովետական Գերմանիայում կյանքը այն ժամանակ բոլորովին էլ հեշտ չէր: Մի աղետալի դրությունից ընկա մի այլ աղետալի իրավիճակի մեջ, որում դրությունը ավելի լավ չէր իմ հարազատների համար, քան իմը` որպես նախկին ռազմագերի։ Բարդ կենցաղային պայմաններ էին, կյանքի որակ, բայց բավականին շուտ կարողացա վերականգնվել: Նավաշինություն սովորեցի եւ տեղափոխվեցի Վարնեմունդե, երկար տարիներ աշխատեցի նավաշինության ոլորտում: ԳԴՀ-ում ինձ լավ էի զգում: Պետք է խոստովանեմ` թեպետ դժվար իրավիճակ էր, սակայն ոչ վախ, ոչ էլ կատաղություն եմ զգում իմ ռազմագերության տարիները հիշելով։

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

- Ձեր կյանքի այդ փուլը որքանո՞վ է ազդել հետագա ընթացքին։

 

- Գիտեք, շատ գերմանացի զինվորներ այն ժամանակ պատիվ էին համարում կռվելը, սպանելը եւ պայքարելը հանուն իրենց գաղափարների: Նրանց համար գերությունն անընդունելի էր՝ ավելի լավ է մահանալ, քան գերի ընկնել: Բայց ես համաձայն չեմ: 

 

Ռազմագերությունը հեշտ բան չէ, բայց ամեն դեպքում մարդու հոգեկան աշխարհի համար ավելի լավ է, քան ռազմաճակատում ամեն օր մարդկանց սպանելու հետ գործ ունենալը:

 

Անձամբ ինձ համար տվյալ պարագայում ավելի լավ էր գերի լինել, քան ռազմական գործողությունների մասնակից:

 

- Այսօր եւ հետահայաց ինչպիսի՞ն եք համարում Ձեր կյանքը։

 

- Երջանիկ եմ: Կյանքս ստացվել է: Ապրում եմ Բեռլինում 85 տարեկան կնոջս հետ: Մեծ ընտանիք ունեմ՝ 4 որդիներս, 7 թոռներս ու ծոռներս զարդարում են կյանքս:

Հորսթ Հովլերը տիկնոջ հետ Հորսթ Հովլերը տիկնոջ հետ

Լուսանկարը` Nora Erdmann (www.noraerdmann.com) for Mediamax

- Չե՞ք ուզում Հայաստան գալ:

 

- ԳԴՀ-ի ժամանակ ավելի քիչ էի մտածում այդ մասին: Բայց հիմա, երբ ավելի տարեց եմ եւ փորձեցի իմ ընտանիքի ու ընկերների համար հիշողություններս թղթին հանձնել, մտածեցի, որ պետք է գնայի Հայաստան՝ Կիրովական: Ծերության հետ ավելի կարեւորեցի Հայաստան գալս, ցավոք, հիմա չեմ կարող իրականացնել այդ ցանկությունս: Երեխաներիս այդ ժամանկահատվածի միայն լավ պահերն եմ պատմել ու պատմում: Մութ ու դժվար կողմերն ավելի լավ է ինձ մնան:

 

Հորսթ Հովլերի հետ զրուցել է Անուշ Պետրոսյանը

 

Լուսանկարները՝ Նորա Էրդման (հատուկ Մեդիամաքս-ի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին