Հենրի Թերիո. Փոխհատուցումն արդարացված է եւ անհրաժեշտ - Mediamax.am

exclusive
8858 դիտում

Հենրի Թերիո. Փոխհատուցումն արդարացված է եւ անհրաժեշտ

Հենրի Թերիոն
Հենրի Թերիոն

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Հենրի Թերիոն ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ամբիոնի վարիչն է: 1999-2007թթ. նա համակարգել է համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հարցերով կենտրոնը: Նրա հետազոտությունները կենտրոնանում են փոխհատուցումների, զոհ-հանցագործ հարաբերությունների, ցեղասպանության ժխտման, ցեղասպանության կանխարգելման, կանանց ու աղջիկների դեմ բռնության վրա:

 

2007 թ-ից ի վեր նա ղեկավարել է Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցով խումբը, որը վերջերս հրապարակել է «Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց» վերջնական զեկույցը:

 

Այս շաբաթ Հենրի Թերիոն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 22-23-ին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: 

 

Մեդիամաքս-ի հետ բացառիկ զրույցում նա պատմել է Հայոց ցեղասպանության հատուցումերի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի մասին:

 

- Ինչպե՞ս Ձեզ առաջարկվեց ղեկավարել Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցով խումբը:

 

- 2003 թ-ից աշխատել եւ հրապարակել եմ բազմաթիվ աշխատություններ Հայոց ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ: Այդ աշխատանքի ընթացքում հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ դիմում էին ինձ՝ առաջարկելով իրականացնել ավելի ծավալուն նախագիծ, որը թույլ կտար մշակել հարցի իրավական, պատմական, քաղաքական տեսանկյուններն ամբողջացնող ուսումնասիրություն, ինչպես նաեւ գործնական առաջարկություններ ներկայացնել հատուցման գործընթացի համար: 2007 թ-ին ինձ հաջողվեց ՀՅԴ-ից բավական համեստ ֆինանսավորում ստանալ բացառապես այն պայմանով, որ ակադեմիական զեկույցը պետք է լինի բացարձակ անկախ ցանկացած քաղաքական խմբի միջամտությունից: Ես կապվեցի երեք անհատների՝ Ալֆրեդ դե Զայայի (միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում հայտնի փորձագետ - Մեդիամաքս), Արա Պապյանի (Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար) եւ  Ջերմեյն Օ. Մաքքալփիի (երակարատեւ եւ անցումային արդարադատության ուսումնասիրության հարցերով միջազգային փորձագետ) հետ: Նրանցից յուրաքանչյուրը մեծ խանդավառությամբ համաձայնեց միանալ խմբին: Որպես խմբի ղեկավար ես ստանձնեցի կազմակերպչական աշխատանքը, ինչպես նաեւ վերջնական զեկույցի խմբագրումն ու համակարգումը: Մենք բոլորս գործընկերներ ենք այս խմբում:

 

- Ո՞րն է զեկույցի վերջնական նպատակը:

 

- Հայոց ցեղասպանության փոխհատուցման գործընթացին նպաստ բերելու ակնհայտ ցանկությունից բացի մեր աշխատանքի նպատակները հետեւյալն են.

 

1) առաջարկել հայերին եւ ոչ հայերին, այդ թվում՝ թուրքերին, պատճառների վերլուծություն, թե ինչու է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման տեսանկյունից փոխհատուցումը ոչ միայն արդարացված, այլեւ անհրաժեշտ,

 

2) արձագանքել փոխհատուցումների շուրջ առկա համատարած առարկություններին,

 

3) նոր մոտեցում առաջարկել այն հարցին, թե ինչպես կարելի է ներգրավել թուրք ժողովրդին փոխհատուցման գործընթացում եւ դա անել այնպիսի բաց ճանապարհով, որպեսզի դա նպաստի թուրքական պետության եւ հասարակության առողջացմանը՝ առանց զոհաբերելու հայության հանդեպ արդարությունը

 

4) ներկայացնել հստակ առաջարկություններ, թե ինչ է իրենից ներկայացնելու փոխհատուցման փաթեթը, ներառյալ թե՛ խորհրդանշական, թե՛ նյութական տարրերը:

 

- Ի՞ նչ աղբյուրներից, նյութերից եք օգտվել ձեր աշխատանքի ընթացքում:

 

- Ընդհանուր առմամբ, զեկույցը հիմնված է Ցեղասպանության վերաբերյալ պատմական աղբյուրների, սեփականության, գույքի յուրացման վերաբերյալ վերջին շրջանում իրականացված աշխատանքների, փոխհատուցման, արդարության վերականգման վերաբերյալ տեսական աշխատանքի, զանգվածային բռնության եւ մարդու իրավունքների տարատեսակ ոտնահարումների դիմաց փոխահատուցման հետ կապված միջազգային եւ տեղական մակարդակով դատական գործերի, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ դրա ուսումնասիրության, ինչպես նաեւ ցեղասպանության ընթացքում հայերի կրած կորուստների մասին Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացված հաշվարկների հիման վրա:

 

- Ցեղասպանության կորուստների փոխհատուցման հարցը շառ զգայուն խնդիր է ողջ հայության համար: Թե՛ Հայաստանում, թե՛ հայկական սփյուռքում այս հարցի շուրջ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այս խնդրի տարբեր շերտերն ընդգրկել մեկ զեկույցում:   

 

- Զեկույցն արտացոլում է դրա հեղինակների տեսակետները: Այն Հայաստանի Հանրապետության, հայ եկեղեցու, սփյուռքյի կազմակերպությունների կամ հաստատությունների, հայկական համայնքների, կամ էլ Թուրքիայի կողմից պաշտոնական հայտարարություն չէ: Զեկույցի հեղինակները հավատացած են, որ այս աշխատության մեջ ներկայացված գաղափարները կարեւոր են եւ օգտակար հատուցման գործընթաց սկսելու համար: Մենք հույս ունենք, որ զեկույցն առնվազն կխթանի այս հարցի շուրջ բուռն քննարկումների մեկնարկը թե՛ հայկական կառույցների, թե՛ ոչ հայերի շրջանում, եւ այդ քննարկման բոլոր մասնակիցների համար կծառայի որպես անգնահատելի աղբյուր: Հենց այս պատճառով էլ խմբի նման կազմի ընտրությունը նպատակ է հետապնդում ապահովել տեսակետների ամբողջականություն ու բազմազանություն: Խմբում ներգրավված են մեկ  սփյուռքահայ, մեկ հայաստանցի, ազգությամբ երկու ոչ հայ գործիչներ աշխարհի տարբեր հատվածներից՝ Եվրոպայից եւ Կարիբյան տարածաշրջանից: Հենց այս տեսակետների բազմազանությունն էլ արտացոլված է զեկույցում, եւ դրա վկայությունն այն է, որ զեկույցում հողային պահանջների վերաբերյալ ներկայացված են բազմաթիվ եւ ոչ թե մեկ տարբերակ: Ավելին, զեկույցն ինքնին առաջ է քաշում մասնակցային գործընթացի գաղափարը, որը կոչված է սահմանելու, թե ի՞նչ պետք է պահանջել որպես փոխհատուցում եւ ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացնել այդ փոխհատուցումը, որպեսզի այն ապահովի Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության համապատասխան մասնակցությունը: 

 

Սակայն այնպես չէ, որ ՀՀ-ի եւ Սփյուռքի միջեւ այս հարցում խորը հակասություն կա: Ինչպես ցույց է տալիս մեր զեկույցի նախաբանը, թե՛ ՀՀ-ն, թե՛ Սփյուռքը նույն կերպ են դիտարկում փոխհատուցման հարցը:  Երկուսի կողմից էլ առկա է մշտական ուշադրություն եւ ընդլայնվող համակարգում ու քննարկում: Առաջիկայում Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ես ներկայացնելու եմ փոխհատուցումների թեման: Չնայած փոխհատուցման խնդրի տարբեր ասպեկտների վերաբերյալ առկա անհամաձայնությանը՝ այդ տարբերությունները ՀՀ-Սփյուռք հարթությունում չեն: Դրանք ավելի շատ ենթադրում են գաղափարական եւ քաղաքական անհամաձայնություններ ու բաժանարար գծեր, որոնք առկա են թե Հայաստանի բնակչության շրջանում, եւ թե Սփյուռքում:

 

- Զեկույցն առաջարկում է Ցեղասպանության հետեւանքների եւ հասցված վնասի նկարագրություն եւ հատուցման գործընթացի մեկնարկի հստակ փաթեթ: Ինչպե՞ս եք պատկերացնում հատուցման գործընթացի մեկնարկը: Ո՞վ պետք է սկսի այն՝ Հայաստանի կառավարությունը, թե հայկական սփյուռքը:

 

- Նախ պատասխանեմ երկրորդ հարցին. Հայաստանի կառավարությունը, որը ՄԱԿ-ում եւ միջազգային ասպարեզում ներկայացնում է ողջ հայության շահերը: Սակայն, Թուրքիայի հետ կոնկրետ գործընթացի հաջող մեկնարկի պարագայում անհրաժեշտ է ներգրավել թե ՀՀ-ի, թե սփյուռքահայ խմբերի եւ կազմակերպությունների ռեսուրսներն ու ներուժը: Սա մեծ նպաստ կբերի գործընթացին: 

 

Առաջին հարցը ենթադրում է երկար պատասխան: Պարզ բառերով ասած, զեկույցը առաջարկում է հիմնել Հայոց ցեղասպանության արդարության եւ հետեւանքների վերացման հայ-թուրքական հանձնաժողով: Սա բնավ չի ենթադրում «պատմական հանձնաժողովի» ստեղծում, որը պիտի քննարկի ցեղասպանության եղելության հարցը: Ո՛չ: Մեր առաջարկած հանձնաժողովի աշխատանքի մեկնարկային կետն այն է, որ ցեղասպանությունը եղել է: Հանձնաժողովի նպատակն է արդար մտադրություններ ունեցող թուրքերին ներգրավել մի գործընթացում, որը ոչ թե հարթակ է տրամադրում նոր ժխտողական քննարկումների համար, այլ ուշադրություն է բեւեռում, թե ինչ հատուցումներ պետք է իրականացվեն: Նման կարգի բաց եւ ներառական մոտեցումը կարող է նպաստել թուրքական պետության եւ հասարակության առողջացմանը, մինչդեռ միայն հատուցումների փաթեթ պարտադրելը լոկ կսրի Թուրքիայի թշնամանքը հայերի նկատմամբ՝ այդպես էլ դրական ազդեցություն չթողնելով թուրք անհատների եւ խմբերի վրա:

 

Հենրի Թերիոյի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին