Քրիսթին Պշիխհոլց. Գերմանիան քաջատեղյակ էր հայերի ջարդերից - Mediamax.am

exclusive
12680 դիտում

Քրիսթին Պշիխհոլց. Գերմանիան քաջատեղյակ էր հայերի ջարդերից

Քրիսթին Պշիխհոլցը
Քրիսթին Պշիխհոլցը

Լուսանկարը` http://www.lepsiushaus-potsdam.de/

Լուսանկարը`


Պոտսդամի համալսարանի գիտաշխատող, պատմաբան Քրիսթին Պշիխհոլցը, ուսումնասիրելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում պահվող նյութերը, փաստում է, որ Կայսերական Գերմանիայի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները քաջ տեղյակ են եղել Օսմանյան կայսրությունում իրականացվող Հայոց ցեղասպանությունից։

 

Մեդիամաքսը բացառիկ զրույց է ունեցել Քրիսթին Պշիխհոլցի հետ:

 

- Ինչպե՞ս որոշեցիք Ձեր հետազոտությունը նվիրել Հայոց ցեղասպանությանը եւ դրանում Գերմանիայի դերին։

 

- Դոկտորական աշխատանքս Օսմանյան կայսրությունում գերմանական բողոքական համայնքների մասին է: Ուսումնասիրության փուլում Ստամբուլի գերմանախոս համայնքի նախկին հոգեւոր հովիվը ուշադրությունս հրավիրեց եկեղեցու արխիվային նյութերի վրա: Դրանք մասնավորապես Առաջին համաշխարհայինից մնացած նյութեր էին՝ հոգեւոր հովիվների զեկույցները Գերմանիայի եկեղեցական ատյաններին: Այդ փաստաթղթերից հասկանալի էր, որ այնտեղի հոգեւոր հովիվը, որը նաեւ քարոզիչ էր Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը, տեղյակ էր 1915թ. իրադարձություններից: Սա պարզելուց հետո հետազոտական աշխատանքիս մի մասը դարձավ Հայոց ցեղասպանության ընթացքում գերմանացի բողոքական հոգեւորականների վարքագծի ուսումնասիրությունը, սակայն առանցքային է անսահման բռնության դրսեւորումներին եւ բնակչության տեղահանմանը նվիրված մասը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի տված գնահատականին: 

 

- Ուսումնասիրելով Գերմանիայի ԱԳՆ արխիվում պահվող՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը` ասել էիք, որ գերմանացի դիվանագետները մանրակրկիտ գրի են առել այն ամենը, ինչ կատարվում էր նրանց շուրջը։ Ի՞նչ մանրամասներ եք հայտնաբերել։

 

- Գերմանիայի ԱԳՆ արխիվային փաստաթղթերը Հայոց ցեղասպանության մասին նյութերի կարեւորագույն աղբյուրներից մեկն են եւ բազմակողմանի ուսումնասիրությունների հիմք են տալիս: Արեւելյան Անատոլիայի շրջաններում Գերմանիայի հյուպատոսները շատ լավ տեղեկացված էին այնտեղի սոցիալական եւ քաղաքական իրավիճակի մասին: Նրանք կարող էին հակադարձել երիտթուրքական քարոզչությանը, որի համաձայն՝ տեղահանությունները զինվորական անհրաժեշտություն էին: Գերմանիայի հյուպատոսները մանրամասնորեն զեկուցում էին մահվան երթերի եւ ջարդերի մասին:

 

- Առիթ եք ունեցել ասելու, որ Պոլսում Գերմանիայի դեսպանը 1915թ. հուլիսի 7-ին Կայզերին ուղղված հեռագրում գրել է. «Թուրքիայի կառավարությունը հայտարարել է հայ էթնոսը կայսրության տարածքում ոչնչացնելու մտադրության մասին»։ Ձեր կարծիքով՝ Գերմանիան կարո՞ղ էր կանխել Հայոց ցեղասպանությունը։

 

- Դժվար հարց է: Արխիվի նյութերով, որոնք պատմական աղբյուրներ են, չես  կարող պատասխանել «Ի՞նչ կլիներ, եթե...» հարցին: Սակայն մի բան հաստատ է՝ Կայսերական Գերմանիան պետք է կանխազգար, որ հայերը, ինչպես նաեւ քրիստոնյա ու էթնիկ մյուս փոքրամասնությունները, Օսմանյան կայսրությունում  պատերազմի սպառնալիքի տակ են: Բայց դա 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության հետ դաշինքի մեջ չմտնելու արգելքի հիմք չէր: Բացի այդ, Կայսերական Գերմանիան 1915թ. տեղյակ էր բռնության սիստեմատիկ դրսեւորումների մասին: Սակայն պատերազմական դաշինքը չվտանգելու համար նրանք ընդունում էին բռնության դրսեւորումները: Քիչ գերմանացիներ կային, որ դեմ էին արտահայտվում: Գերմանացի մի շարք դիվանագետներ եւ ամենից առաջ՝ զինվորականներ, միանում էին երիտթուրքական պրոպագանդային եւ ակտիվ կերպով տարածում, թե հայերը ճակատում լայնածավալ ապստամբություններ են նախաձեռնում: Բարձրաստիճան զինվորականների իրականացրած բռնության 5 դեպք մանրամասն արխիվացված է:

 

Սակայն ոչ բոլոր գերմանացի զինվորականների պահելաձեւն էր միանման: Ֆելդմարշալ Լիման ֆոն Սանդերսը` Օսմանյան կայսրությունում Գերմանական զինվորական առաքելության ղեկավարը, խոչընդոտում էր հայերի տեղահանումը Իզմիրից: Սակայն հիմնավոր խոչընդոտման համար Կայսերական Գերմանիան ավելի վաղ պետք է լայնածավալ աշխատանքներ տաներ բարեփոխումների համար, ինչը սակայն բոլորովին չէր համապատասխանում Գերմանիայի արեւելյան քաղաքականությանը: 1915-16 թթ. իրավիճակը հետազոտելիս հասկանալի է դառնում, որ թե՛ գերմանական բանակը, թե՛ կառավարությունն իրենց քաղաքական խաղերում հայերի պաշտպանության համար ոչ մի տեղ չէին թողել: Կկարողանայի՞ն արդյոք նրանք կանխել Ցեղասպանությունը, դժվար է ասել, սակայն լայնածավալ միջամտությունը թերեւս կարող էր շատ կյանքեր փրկել:

 

Կայսերական Գերմանիան ցույց տվեց, թե սեփական պատերազմական նպատակներին հասնելու ճանապարհին որքան անողոք կարող է լինել անմեղ մարդկանց հանդեպ։

 

- Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ եք կարծում՝ այդ երկիրը համարձակություն կունենա՞ առերեսվելու իր անցյալին ու պատասխանատվություն ստանձնելու իր կատարածի համար:

 

- Թվում է, թե Թուրքիայի կառավարությունն այդ հարցի առնչությամբ փակուղում է հայտնվել: Ամեն դեպքում, քաղաքացիական հասարակության կողմից տեղի են ունենում գործընթացներ, որոնք այլ ուղղություն են վերցնում: Թուրքիայում գիտության շատ ոլորտներում այդ թեման հետազոտվում է հենց «Ցեղասպանություն» տերմինով: Կան շատ առաջատար թուրք գիտնականներ, որոնք մեծ ներդրում ունեն այն բանում, որ այսօր մենք շատ ավելին գիտենք Հայոց ցեղասպանության մասին: Սակայն չեմ կարող ասել, թե կանխատեսելի ժամանակահատվածում նշանակալից փոփոխություն կլինի:

 

- Ինչպիսի՞ն կլինի միջազգային կառույցների ու աշխարհի հզորների քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում՝ նկատի ունենալով Եղեռնի վերաբերյալ Հռոմի պապի վերջին հայտարարությունը:

 

- Յուրաքանչյուր նման արտահայտություն նշանակալի է, քանի որ ավելի մեծ հնչեղություն է տալիս հարցին: Սակայն առանձին արտահայտությունները կարող են ընդհանուր դինամիկայի մի բաղադրիչը լինել։ Կարծում եմ՝ միայն հասարակական եւ քաղաքական գործընթացներն ու համագործակցությունը կհանգեցնեն Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչմանը:

 

Քրիսթին Պշիխհոլցի հետ զրուցել է Անուշ Պետրոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին